Վերջը Հակոբյան Աննան դրդեց «rage bait»-ի համար լավ թարգմանություն գտնեմ. «կատղախայծ»։
Սա այն հնարքն է, երբ մարդկանց ուշադրությունը գրավում են ծայրահեղ վրդովեցուցիչ հայտարարություններով կամ գործողություններով (օրինակ՝ անհեթեթ կամ լկտի հայտարարություններով, սադրանքներով ևն)։
Արձանագրենք նաև, որ Աննան ու Նիկոլը սիրուն պասերով շարունակում են խաղալ իրենց սիրելի խաղը՝ «տարածքը կոյուղաջրերով հեղեղելը»։ Դուք էլ, հարգելի ընկերնե՛ր, ինքնամոռաց գցվում եք այդ կոյուղաջրերի մեջ։
– Կարեն տղա, հա՛, բայց էնպիսի բան ա ասել, ախր ո՞նց չանդրադառնանք, ախր Էռատո՜, ախր բունկե՜ր – կջղայնանաք դուք։
– Չանդրադառնալու ամենաէֆեկտիվ տարբերակը սեփական օրակարգ ունենալն է և այդ օրակարգի վրա կենտրոնանալն է, ու խայծերով չշեղվելը, – կպատասխանեմ ես։
– Հոգնեցինք օրակարգ-օրակարգ լսելով, Կարեն տղա, – ավելի կբորբոքվեք դուք։ — Կոնկրետացրո՛ւ, այդ ի՞նչ օրակարգեր են։
– Գլխավոր օրակարգը, իհարկե, Նիկոլի ռեժիմը հեռացնելն ու Հայաստանում ազգային իշխանությունը վերականգնելն է, – կհակադարձեմ ձեզ՝ արդեն ծեծված ու ծամոն դարձած փաստարկով։
Ինչին ի պատասխան ձեզնից կլսեմ մի բան, որն արդեն 100 անգամ լսել եմ.
– Առանց քո ասելու էլ դա գիտենք, բայց ինչպե՞ս հեռացնել, դա է խնդիրը։
Շնորհավորում եմ. դուք ձևակերպեցիք օրակարգային հարց, որի շուրջ պետք է սկսել քննարկումները. այն է, ինչպե՞ս հեռացնել ազգակործան ռեժիմը։
Կամ, ավելի ստույգ. «Ինչպե՞ս հեռացնել ազգակործան ռեժիմը, որպեսզի հեռացման ընթացքում ազգն էլ հետը չկործանվի»։
Խնդրեմ, քննարկելու օրակարգային թեմա։
Աննան, Նիկոլը և մյուս նզովյալները թո՛ղ ինչքան ուզում են տեսախցիկների առջև պեռաժկի ու եգիպտացորեն լափեն, ղալմաղալներ հրահրեն, մենք այդ խայծերին անդրադառնալու ժամանակ ուղղակի չենք ունենա, եթե իսկապես զբաղվենք այս հարցի պատասխանը գտնելով և այն կյանքի կոչելով։
Կարեն Վրթանեսյան, ֆեյսբուքյան էջ
