Մեր զրույցը Հայաստանի այն եզակի փորձագետներից մեկի հետ է, որը պրոֆեսիոնալ կերպով զբաղվում է տեղեկատվական-քարոզչական ոլորտով՝ զանգվածային հաղորդակցության տեխնոլոգիաների և հասարակական-քաղաքական դաշտի վրա դրանց ազդեցության տեսանկյունից: Դեկտեմբերի 31-ին Կարեն Վրթանեսյանը հայտնեց, որ առանց բացատրությունների և զգուշացումների փակել են 16 հազար ընթերցող ունեցող իր ֆեյսբուքյան էջը, որտեղ 15 տարվա ընթացքում կուտակվել են վերլուծական և փորձագիտական բնույթի հազարավոր գրառումներ, բովանդակելով նաև քաղաքական ուժերին ուղղված առաջարկություններ դասական տեսությունների և ժամանակակից պրակտիկայի տեսանկյունից:
Իսկ հունվարի 6-ի երեկոյան էջը խորհրդավոր կերպով վերականգնվել է։
-Պետք է ասել՝ տարօրինակ պատմություն է... Ի՞նչ ես կարծում, ո՞վ էր դրանում շահագրգռված. եթե Հայաստանի իշխանությունները, ապա մի՞թե նրանք հնարավորություն ունեն այդ կերպ հասնել ցանկացած մարդու էջի փակմանը։
– Հին հռոմեացիները ասում էին. «Փնտրեք, թե ում շահերից է դա բխում»։ Տվյալ դեպքում ակներև է առնվազն երկու կողմերի՝ Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների շահը։ Դեկտեմբերի վերջին օրերին ես մի քանի գրառում էի արել Հայաստան ներկրվող «ադրբեջանական» բենզինի վերաբերյալ, այնպես որ հնարավոր է, որ Բաքուն է ջանացել։ Չակերտավոր ադրբեջանական, քանի որ տվյալ մակնիշի բենզինն Ադրբեջանն ինքն է ներկրում է երրորդ երկրներից. Այսինքն, փաստորեն Հայաստան բենզինի մատակարարման շղթայում Փաշինյանն ավելացրել է բացարձակ ավելորդ միջնորդ. Ալիևին:
Մյուս կողմից, հաշվի առնելով Հայաստանի կառավարության սերտ կապերը ԱՄՆ դեսպանատան հետ (որտեղ մինչ օրս աշխատում են նախկին վարչակազմի նշանակած մարդիկ), կարելի է ենթադրել, որ դա ՀՀ իշխանությունների խնդրանքով արվել է Պետդեպարտամենտի բյուրոկրատական ուղիներով։ Նման հայցերը մեծ առաջնահերթություն ունեն Ֆեյսբուքի ղեկավարության համար. այդպիսի տեխնոլոգիաներ և հնարավորություններ ունեն անգլախոս մի շարք երկրներ:
Ինչ վերաբերում է պատճառներին, ապա կարող եմ միայն ենթադրել, որ «Հարթակ-22» ֆեյսբուքյան խմբում, որի հիմնադիրներից և ադմինիստրատորներից մեկն եմ ես, գրառումների ոճն ու կանոնները՝ առանց հայհոյանքի, առանց ագրեսիայի, ինտելիգենտ և կառուցողական, կարող են մտահոգել ՀՀ իշխանություններին: Մանավանդ որ վերջին մեկ տարվա ընթացքում խմբի ադմինիստրատորներից ոմանք բազմիցս ենթարկվել են տարբեր տեսակի ճնշումների։
Եվս մեկ տեսանկյուն. Ֆեյսբուքը վերածվել է բռնապետական մեծ համակարգի, որտեղ որոշումները կայացվում են նախևառաջ բիզնես շահերի հաշվառումով, իսկ օգտատերերի իրավունքները, հատկապես այնպիսի երկրների, ինչպիսին մերն է, վաղուց են ոտնահարվում:
-Սպասելի՞ է արդյոք, որ Ֆեյսբուքում այս կամ այն օգտատերերի կամ խմբերի էջերը հեռացնելու նմանատիպ փորձեր ձեռնարկվեն նաև հետագայում, եթե հաշվի առնենք ահագնացող բռնաճնշումներն ընդդիմադիր ԶԼՄ-ների և բլոգերների նկատմամբ:
-Ինչ վերաբերում է «Հարթակ-22»-ին, ապա մենք չենք բացառում, որ ինչ-որ մի պահ այն նույնպես կփակվի:
Կամ հիշենք, որ «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավարներ Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին ձերբակալեցին Սերժ Սարգսյանի հետ հարցազրույցից հետո, որը շատ մեծ արձագանք ստացավ։
Ժամանակակից բռնապետությունների մեծամասնությանն ընդհանուր առմամբ բնորոշ է հանդուրժել ընդդիմադիր մամուլին, քանի դեռ նա համեմատաբար փոքր լսարան ունի: Երրորդ նախագահի հարցազրույցը հսկայական թվով դիտումներ ստացավ. ավելի քան 200 հազար, և լայնորեն տարածվեց։ Այստեղից էլ իշխանության այդ սուր արձագանքը. իրական վտանգ զգալով՝ նրանք փորձում են անմիջապես չեզոքացնել այն։
Սա վերաբերում է նաև լրատվամիջոցներին. նրանք վտանգ են տեսնում ի դեմս այն պարբերականների, որոնք փորձում են չեզոքություն պահպանել և այդ պատճառով կարող են հասցնել իրենց ասելիքն այն հանրությանը, որը, պայմանականորեն ասած, «քաղաքականությամբ չի զբաղվում»։ Հիշենք տարատեսակ ճնշումները «Առավոտ»-ի, «Հրապարակ»-ի 168.am-ի և այլոց նկատմամբ:
-Լրագրողների համար արդիական հարց. ինչպե՞ս լուսաբանել իշխանությունների և, մասնավորապես՝ Փաշինյանի գործունեությունը: Ինչպե՞ս վարվել հիմարությունների, գռեհկության, պրիմիտիվության, սկանդալայնության այս անվերջանալի հեղեղի պարագայում, որով միտումնավոր աղտոտում են լրահոսը։ Չէ որ այդ հեղեղի մեջ կորչում է պետության համար իսկապես կարևոր տեղեկատվությունը…
-Տվյալ խնդիրը եզակի չէ Հայաստանի համար, և պոպուլիստ ղեկավարների գործունեությունը լուսաբանելու համապիտանի բաղադրատոմսեր գոյություն չունեն։ Իմ կարծիքով՝ պետք է հետևել դասական լրագրության կանոններին, առաջին հերթին՝ հաշվի առնել հենց նույն Փաշինյանի հայտարարությունների և գործողությունների հանրային նշանակությունը։ Կարողանալ տեսնել ոչ թե մատուցման ձևը՝ հաճախ ինչ-որ անհեթեթ արտառոց արարքների տեսքով, այլ այն կարևորը, որն իրականում թաքնված է արտաքին սկանդալայնության տակ։
Շատ կարևոր է ընդ որում չտրվել տերմինաբանությանը, որը հատուկ շրջանառության են նետում մարդկանց մոլորեցնելու համար։ Օրինակ, տրանսպորտային «բարեփոխումը», որն իրականում երևանցիների գրպանն ավելի խորը սողոսկելու և նրանց կյանքը բարդացնելու միջոց է՝ քաղաքի «բարեկարգման» պատրվակով։
Մյուս վառ օրինակը «խաղաղության օրակարգն» է, ինչին դժվար է առարկել. կստացվի, թե դեմ ես խաղաղությանը։ Իրականում Փաշինյանը (ինչպեսև, ի դեպ, Ալիևը) պարզապես շանտաժում է ժողովրդին պատերազմով։ Այդուհանդերձ մամուլը միաբերան կրկնում է այդ մանիպուլյատիվ եզրույթները. «խաղաղ գործընթաց», «խաղաղության պայմանագիր»։
Պարզ ասած, նրանք օգտագործում են տերմինաբանություն, որն ի սկզբանե բացառում է քննարկումը, ըստ էության՝ «նորալեզու» (ինչպես Ջ.Օրուելի «1984» հակաուտոպիայում): Առօրյա խնդիրների հորձանուտն ընկղմված սովորական քաղաքացին պարզապես չի հասկանա այդ մանիպուլյացիաները, եթե մամուլը չբացահայտի դրանք և դյուրըմբռնելի չներկայացնի։
-Հավանաբար, այստեղ ընդհանուր առմամբ պետք է խոսել իշխանությունների կողմից այն տեխնոլոգիաների հմուտ օգտագործման մասին, որոնք թույլ են տալիս մշտապես տեղեկատվական օրակարգ ձևավորել բացառապես ի նպաստ սեփական շահերի։
-Ի դեպ, հետաքրքիր փաստ. Օքսֆորդի բառարանը «տարվա բառ» է ճանաչել rage bait-ը, ինչը թարգմանվում է որպես «զայրույթ առաջացնող խայծ»: Լրատվամիջոցների վերաբերյալ կիրառելիս՝ զայրույթ, ագրեսիա, բացասական հույզեր հարուցող լուր:
Սա շատ բնորոշ է հայաստանյան մերօրյա լրատվական դաշտին, որտեղ բացասական լուրերը մատուցվում են միակ նպատակով. առաջ անցնել բոլորից՝ առանց որևէ իմաստավորման, և համապատասխանաբար՝ խիստ բացասաբար են ազդում հասարակական մթնոլորտի վրա։ Իշխանությունների համար կարևոր է ոչ միայն ճգնաժամ ստեղծել ամենուր, այլև պահպանել մշտական տագնապի, անհանգստության տրամադրությունները։ Ընդ որում տարբեր ոլորտներում առկա իրական ճգնաժամները, որպես կանոն, չեն լուսաբանվում։
Փաշինյանի կարգի ավտորիտար առաջնորդների ռազմավարությունը հենց այն է, որ հնարավորինս հեղեղեն դաշտը սկանդալային նորություններով ու միջադեպերով, որպեսզի, այսպես ասած, դասական լրագրությունը պարզապես չհասցնի նորմալ արձագանքել դրանց։
Հաշվի առնելով հայկական անկախ և ընդդիմադիր ԶԼՄ-ների ծայրաստիճան սուղ ռեսուրսները՝ նման մանիպուլյացիաների դեմ հնարավոր է պայքարել մեկ պայմանով. եթե բնակչության հետ մշտական ու գրագետ աշխատանքը տարվի համակարգված կերպով։ Բայց, ցավոք, ընդդիմությունն ինքն է մասնատված և գործում է տարանջատ՝ հաճախ ելնելով խմբային նեղ շահերից։ Բացի այդ, ոչ ոք պատրաստ չէ ֆինանսական ներդրումներ կատարել նման պայքարի մեջ, քանզի շատ ավելի հեշտ ու անհամեմատ ավելի էժան է կազմակերպել հերթական կլոր սեղանը՝ արդեն անասելի ձանձրացրած քննարկումներով և փաստերի արձանագրմամբ։
-Իսկ քանի դեռ իշխանությունները գերիշխում են լրատվական դաշտում, նրանց հաղթել գործնականում անհնար է...
-Հայտնի ճշմարտություն է. ավտորիտարիզմի դեմ պայքարի երկու առաջնային ճակատներն են տեղեկատվական օրակարգը և հավաքական հիշողությունը:
Այսօր հավաքական հիշողություն են թելադրում մերձփաշինյանական շրջանակները։ Օրինակ, մեզ համոզում են համակերպվել Արցախի զավթման հետ՝ իբրև թե իրականության, ընդ որում հայաստանյան իշխանությունները չգիտես ինչու բոլորից ավելի բարձրաձայն են համոզում։ Մինչդեռ իրականությունը 42 հազար քառ. կմ տարածքով Հայաստանն էր, ինչի մասին այսօր բոլորը մոռացել են։ Ադրբեջանը չհամակերպվեց 1990-ականների իր պարտության հետ, բայց մենք, չգիտես ինչու, պետք է համակերպվենք։
Նիկոլի կողմից գործածության նետված «իրական Հայաստան» տերմինը նույնպիսի «նորալեզվություն» է. ստացվում է, թե այն, ինչ եղել է նախկինում, «ոչ իրական Հայաստան» էր։ Սակայն տերմինը արմատավորվում է մարդկանց ուղեղում:
Փաշինյանը սարքեց կառույցներ և ինստիտուտներ, որոնք ամրապնդում են ոչ թե պետությունը, այլ իր անձնական իշխանությունը, նա բացահայտ գործում է «պետությունը ե՛ս եմ» բանաձևով։ Իսկ ընդդիմությունը գրեթե 8 տարվա ընթացքում չկարողացավ ենթակառուցվածք ստեղծել ավտորիտար միտումներին դիմադրելու համար և այսօր էլ չի անում դա։
Միաժամանակ շատերը կրկին պնդում են, թե իբր՝ Նիկոլը «հաղթելու հնարավորություն չունի», «նա արդեն պարտվել է» և այլն. ճիշտ ինչպես 2021 թվականին։
Իսկ ամենակարևորն այն է, որ միասին աշխատել գլխավոր դերակատարները չեն ցանկանում, մինչդեռ Նիկոլին հաղթել և հետո այս ավերմունքից երկիրը դուրս բերել կարելի է միայն համատեղ ջանքերով։ Որպես հետևանք՝ ժողովուրդը գնալով ավելի է հիասթափվում և չի հավատում, թե դեռ հնարավոր է ինչ-որ բան անել, փոխել, փրկել։
-Ներիր ծեծված հարցի համար. իսկ ի՞նչ անել:
-Ստեղծել սեփական կառույցներն ու ինստիտուտները. տեղեկատվական, քաղաքացիական, փորձագիտական, աշխատել համակարգված, երկարաժամկետ ծրագրմամբ: Իրական խնդիրներ դնել, իրական ժամկետներ, և կատարել դրանք: Այլ ճանապարհ պարզապես չկա:
