Логотип

Կարծում եմ՝ «ողորմելի» բառի օգտագործումը չափազանց մեղմ է. Օսկանյանը՝ Միրզոյանին

Ինձ զարմացրեց, որ հնարավոր է համեմատություն անցկացնել Հայաստանի ամբողջ լայնքով՝ արևմտյան սահմանից մինչև արևելյան սահման, 50 տարով երրորդ երկրի լիակատար վերահսկողության տակ տարածք հանձնելու և երրորդ կողմին որևէ պետական կամ ոչ պետական ձեռնարկության կոնցեսիա՝ նույնիսկ սեփականություն տրամադրելու միջև։ Սրանք համեմատելի բաներ չեն։

Ոմանք կարող են մտածել, թե քանի որ այդ հատվածում Հայաստանի լայնքը ընդամենը մոտ 40 կիլոմետր է, ապա դրա զիջումը լուրջ խնդիր չէ։ Բայց այդ տրամաբանությունը խորապես սխալ է։ Ինքնիշխանությունը կիլոմետրերով չի չափվում։

Թույլ տվեք ավելի պատկերավոր ասել, թե ինչ է տեղի ունեցել։ Երևակայեք, որ Ֆրանսիան իր տարածքի շարունակական մի շերտ՝ ամբողջ երկրի լայնքով, Ատլանտյան օվկիանոսի ափից մինչև Գերմանիայի սահման, 50 տարով դնում է երրորդ երկրի լիակատար վերահսկողության տակ։ Կամ պատկերացրեք, որ Միացյալ Նահանգներն անում է նույնը՝ ափից ափ, Խաղաղ օվկիանոսից մինչև Ատլանտյան:

Ակնհայտ է բոլորիս համար, որ այս ամբողջ գործընթացը նպատակ ունի ապահովել Ադրբեջանի անխափան և առանց խոչընդոտների կապը Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան։ Այդ պարտավորությունը Հայաստանի կողմից արդեն ամրագրված է նախապես համաձայնեցված և ստորագրված փաստաթղթերում։

Կարծում եմ՝ «ողորմելի» բառի օգտագործումը չափազանց մեղմ է։

Վարդան ՕՍԿԱՆՅԱՆ, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար

VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին ԱԺ–ում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր. «Նախկին արտգործնախարարներից մեկը ասում է՝ դե ողորմելի է, 74% տվել են, 26% են իրենց պահել։ Հիմա այդ մարդը, որը որ ասել է, որ ողորմելի ենք, որ 74 տոկոսը տվել ենք, իր արտաքին գործերի նախարարության շրջանում Գույք պարտքի դիմացով 5 ձեռնարկություն տվել ենք այլ պետության, «Հայռուսգազարդի» վերջին 20% 2013 թվականի փետրվարին տվել ենք այլ պետության, մի հատ խողովակ էինք գցում Իրանից՝ այդ խողովակը էլի տվեցին այդ մյուս պետությանը, Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ բլոկը 100%-ով, ոչ թե 74%-ով, տվեցին ուրիշ պետության, ՀԷՑ-ը՝ «Ինտեր ՌԱՈԵԷՍ»-ին տվեցին՝ կարծեմ ոչ թե 74%-ով, այլ 100%-ով։ Հիմա այս ողջ պատմության մեջ ողորմելին ո՞վ է, այ ողորմելիներ, դե արի մի ասա էլի, ինչքան քյալակ ունեիք այս ազգի գլխին բերեցիք, հլը գնացել են, հլը բզբզում, բզբզում են, որ լրիվ վատ լինի, լրիվ կործանենք։ Ի՞նչ եք ուզում։ Բան չեք կարա ուզեք, որովհետև ասելիք չունեք, բերաններդ էլ չեք կարա բացեք»։