ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցի ընթացքում դրական է գնահատել ադրբեջանական վառելիքի մատակարարումները Հայաստան։ Այս մասին հայտնում են ԱՄՆ Պետդեպարտամենտից։
Զրույցը կայացել է այսօր։ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունից նշել են, որ Ռուբիոն վառելիքի մատակարարումն անվանել է «կարևոր ժեստ» Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի համատեքստում։
Ինչպես հայտնել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Թոմի Պիգոտը, կողմերը քննարկել են նաև վստահության ամրապնդման այլ միջոցներ, որոնք ուղղված են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության խթանմանը։ Բացի այդ, զրույցի ընթացքում դրական է գնահատվել ամերիկա-ադրբեջանական հարաբերությունների զարգացումը։
Հիշեցնենք` շուրջ 35 տարվա դադարից հետո առաջին անգամ 2025 թ․ նոյեմբերի 6-ին Ադրբեջանի տարածքով 1000 տոննա ռուսական ցորեն հասավ Հայաստան։ 2025 թ․ դեկտեմբերի 19–ին էլ Ադրբեջանից Վրաստանի տարածքով ՀՀ Տավուշի մարզի «Այրում» կայարան հասավ 22 վագոնից բաղկացած գնացքը` 1218 տոննա A95 տեսակի բենզինով։
2026 թ․ հունվարի 7–ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը նավթամթերքի ավելի խոշոր խմբաքանակ կուղարկի Հայաստան:
Sputnik Արմենիա
