Հայաստանի բանկային ակտիվները (տրված վարկեր և այլ եկամուտներ) արդեն գերազանցում են երկրի ՀՆԱ-ի 100% -ը։ Այդ մասին հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ ելույթ ունենալով Հանրապետության բանկերի միության ամենամյա համաժողովում։
Նրա խոսքով, 2000-ականների սկզբին այդ ցուցանիշը կազմում էր ընդամենը 20 %։
Նա նշել է, որ անցած տարիների ընթացքում բանկային համակարգում ստեղծվել են այնպիսի կարևոր ինստիտուտներ, ինչպիսիք են ավանդների երաշխավորումը, վարկային բյուրոն, վճարահաշվարկային համակարգը, ինչպես նաև ֆինանսական օմբուդսմենի գրասենյակը և սպառողների իրավունքների պաշտպանության այլ մեխանիզմներ:
Գալստյանը հավելել է՝ այսօր բանկերը պետք է ընդլայնեն այդ ենթակառուցվածքը, կառավարեն անընդհատ աճող տնտեսական և քաղաքական ռիսկերը, անցնեն թվային տրանսֆորմացիա, իսկ դա պահանջում է ճկունություն և նորարարական մոտեցում:
Նշենք, որ 2024 թվականին Հայաստանի բանկային համակարգի ակտիվների ծավալը կազմել է 11 տրլն 35 մլրդ դրամ (28,7 մլրդ դոլար), իսկ երկրի ՀՆԱ-ի ծավալը՝ 10 տրլն 127 մլրդ դրամ (26,3 մլրդ դոլար)։
Sputnik Արմենիա