Логотип

ԿԳՄՍՆ ԵՎ ԱԳՆ ՈՉԻՆՉ ՉԵՆ ԱՆԵԼՈՒ ԱՅՆԹԱՊԻ ԱՍԵՂՆԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ԿՈՂՄԻՑ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄԱՍ ՃԱՆԱՉՎԵԼՈՒ ՀԱՐՑՈՎ

ՀՀ ժողովրդական վարպետ, աստեղնագործության գրքերի հեղինակ Լուսինե Մխիթարյանը հանդիպել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՔՊ խմբակցության պատգամավոր Ջուլիետա Ազարյանի հետ՝ ներկայացնելու Այնթապի ասեղնագործության վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշման հետ կապված իր դիտարկումներն ու առաջարկությունները։

Հիշեցնենք, որ անցած տարվա վերջին Այնթապի հայկական ասեղնագործությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է որպես թուրքական նյութական մշակույթի մաս, ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում։ Որոշումը կայացվել է Նյու Դելիում տեղի ունեցած ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության միջկառավարական կոմիտեի 20-րդ նստաշրջանում։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի այս որոշումը, ինչպես նաև Հայաստանի պատկան մարմինների լռությունը բողոք է առաջացրել Հայաստանի ժողովրդական վարպետների, ասեղնագործների շրջանում։

Լ.Մխիթարյանը ՔՊ-ական պատգամավորի հետ հանդիպման մասին գրել է. «Նախապես հանձնաժողովի բոլոր անդամներին էլեկտրոնային նամակ էի ուղարկել, որպեսզի ծանոթանան հարցերին։ Պարզվեց, որ պատգամավորը տեղյակ չէ նամակից, բայց իր օգնականը տեղյակ էր։ Նորից կրկնեցի, որ ԱԺ հանձնաժողովին դիմում եմ երկու հարցով ա/ գտնել, հանդիպում կազմակերպել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշտական ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետությունում՝ Արամ Հակոբյանի հետ։ բ/ ուզում եմ հստակ լսել, ավելի ճիշտ գրավոր պատասխան ստանալ ԱԺ-ից, որպես օրենսդիր մարմնի, որ երբ ասում ենք «Այնթապի ասեղնագործությունը հայկական է» ոչ մի ՀՀ օրենք և միջազգային օրենք դրանով չի խախտվում։

Ջուլիետա Ազարյանը ասաց, որ կխորհրդակցի և կպատասխանի այս երկու հարցերին մեկ շաբաթվա ընթացքում։

Նա ասաց, որ այս հարցերը «քաղաքական բաղադրիչ են պարունակում»։ Ջուլիետա Ազարյանը պատասխանեց, որ քանի որ տվյալ հանդիպման ժամանակը կարճ է, ինքը կզանագահարի այդ բոլոր խնդիրները լսելու համար։

Բայց կարծում եմ, որ դա միայն քաղաքավարության ժեստ էր»։

Լ.Մխիթարյանը նաև իր նամակ-դիմումի պատասխանն է ստացել ԿԳՄՍ նախարարությունից, որտեղ գրել էր, որ ՀՀ-ն պետք է դիմի ՅՈՒՆԵՍԿՕ հաստատելու համար Այնթապի ասեղնագործությունը, որպես Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգություն։

«Պատասխանից պարզ է, որ ԿԳՄՍՆ չի զբաղվելու դրանով, չի նախաձեռնելու, ոչինչ չի անելու։ Փոխարենը, վերջում գրել էին, որ «Միևնույն ժամանակ առաջարկում ենք Ձեզ՝ ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում գրանցելու նոր առաջարկներ ներկայացնել»։

ՈՒ գիտեք ինչ եմ անելու, դիմելու եմ, որ գրանցեն Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում Արարատ/Մասիս լեռան արդի մեծարման և խորհրդաբանական իմաստավորման համատարած մշակութը, բոլոր տվյալները դրա համար կան»,- գրել է Մխիթարյանը։

Նա նաև ԱԳՆ-ից է պատասխան ստացել։ Նամակով խնդրել էր գտնել Արամ Հակոբյանին։

«Պատասխանի մեջ ոչ մի պատասխան չկա, նույն տեքստը ինչ գրված է ԿԳՄՍՆ-ի պատասխանում։ Միայն թե վերջում ավելացրել են «Թեմային առնչվող հարակից հարցերը կարող են ուղղվել ՀՀ իրավասու մարմիններին»։

Այսինքն…

 Այլևս նոր նամակներ Այնթապի ասեղնագործության թեմայով չեմ գրի ԿԳՄՍՆ և ԱԳՆ, քանի որ հստակ պատասխանել են, որ իրենք ոչինչ չեն անելու։ ԱԺ-ի հանձնաժողովի սպասվող արձագանքից էլ հույս չունեմ։ Բայց դա չի նշանակում, որ էլ ոչ մի տեղ չեմ դիմելու։

Եթե պետական մարմինները չեն կատարում իրենց պարտականությունները, ապա ի՞նչ պետք է անեն քաղաքացիները։

Ավարտում եմ «Բոյկոտ ՅՈՒՆԵՍԿՕ» երկրորդ փուլը։ Ի՞նչ եմ անելու։ Հայտարարում եմ ԵՐՐՈՐԴ ՓՈՒԼԸ։ Շուտով կասեմ, թե ինչ եմ մտածել»,- գրել է Լ.Մխիթարյանը։

Ավելի վաղ Panorama.am-ի հետ զրույցում Լուսինե Մխիթարյանն ասել էր. «Այն, ինչ որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն գրանցել է, դա հենց մեր ավանդույթն է, որը թուրքերը մեզանից են սովորել։ Իրենց կենտրոններում իրենք ասեղնագործում են ու ներկայացնում են որպես Այնթափի ասեղնագործություն։ Հայկական ու թուրքական կարատեսակում առանձնահատկություններ չկան, նույնն է, իսկ տարբերությունն այն է, որ այն, ինչ իրենք հայկական արվեստից են վերցրել, իրենց ձևով են ընկալել, միայն մասնագետը կզգա այդ չնչին տարբերությունը»։

Panorama.am