ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իր ենթականերին հանձնարարել է աշխատակազմին տեղեկացնել, թե ովքեր հեծանիվով աշխատանքի կներկայանան, որոշակի խրախուսական գումարներ կստանան, այդպես նաև կնպաստեն առողջ ապրելակերպի գաղափարի զարգացմանը, գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով նախարարությունում իր աղբյուրներին:
Հրապարակման համաձայն՝ այդ թեմայով խորհրդակցությունը կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեծանվային զբոսանքների ակտիվ փուլում՝ մայիս-հունիս ամիսներին: Նախարարը առողջ ապրելակերպը գերատեսչությունում խթանելու «քողի ներքո որոշել է քծնել «շեֆին»», հավելում է թերթը:
Նշվում է նաև, որ իշխանական թիմում նախարարի հանձնարարականը բուռն քննարկումների առիթ է դարձել:
«Ասում են՝ Անդրեասյանը Փաշինյանին իբրև կուռքի է վերաբերվում և երբեմն չի կարողանում քողարկել իր այդ անթաքույց հիացմունքը: Մեզ ասացին նաև, որ այնպես չէ, թե նախարարի հանձնարարականը դրական արձագանք է ստացել կոլեկտիվում, արդեն ամիսներ են անցել, բայց հեծանիվով աշխատանքի գնացողներ, ըստ մեր աղբյուրի, չկան»,- գրում է օրաթերթը:
Կառավարությունը օգոստոսի 14-ի նիստում հաստատել էր «Հանրության շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման և երթևեկության այլընտրանքային ձևերի խթանման միջոցառման իրականացման կարգը», որոշվել է հեծանիվ վարող դասախոսների ու ուսանողների համար կազմակերպել հեծանվային կրթական արշավներ, ներբուհական զեղչեր կիրառել այն ուսանողների նկատմամբ, ովքեր կօգտվեն ծրագրից, արտոնյալ վարկեր տրամադրել նախագծի մասնակիցներին և այլն:
Երևանի քաղաքապետարանից Armenia Today-ին փոխանցել էին, որ ներկայիս աշխատանքային ծրագրերում հեծանվային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ գործող ծրագրեր չկան, սակայն միջազգային գործընկերների հետ քննարկվում է հեծանվային ուղիներ կազմակերպելու հարցը, իսկ ՏԿԵՆ-ից հավելել էին, որ նախարարությունը պատրաստ է համագործակցել Երևանի քաղաքապետարանի հետ նման ծրագրերի նպատակահարմարությունն ուսումնասիրելու ուղղությամբ: