Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, այսօր շարունակվում են Բագրատ սրբազանի և «Սրբազան պայքար» շարժման 17 աջակիցների գործով նախնական դատալսումները։ Նիստի հենց սկզբում պաշտպան Հովհաննես Խուդոյանը վարույթով ներգրավված բոլոր հանրային մեղադրողներին (5 դատախազ) բացարկ հայտնեց։ Բացարկի հիմքը հայտնի ձայնագրությունն է, որտեղ Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, շարժման ակտիվիստներ ու մի շարք այլ անձինք են խոսում։ Պաշտպանն ընդգծում է, որ քրեական վարույթի նյութերում առկա է կեղծիք։
«Երկխոսության առանձին հատված դուրս է բերված արձանագրությունից՝ քննարկման բովանդակությունն այլ համատեքստում ներկայացնելու համար»,- նշեց Խուդոյանը։
Նրա խոսքով՝ համատեքստից կտրված բովանդակությունը հետագայում օգտագործվել է ՀՀ ՔԿ պաշտոնական հաղորդագրություններում, ՔԿ նախագահի, գլխավոր դատախազի Հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցներում, ինչպես նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու և ազատազրկելու վերաբերյալ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունում։
Խուդոյանն ընթերցեց խոսակցության իրական բովանդակությունը, որը, սակայն, քննիչը լսելուց հետո արձանագրել է, որ «ամեն ինչ լսեց և ճիշտ է արձանագրված», մինչդեռ տարբեր բովանդակություններ են։
«Ի՞նչ կապ ունի այս ամենը հանրային մեղադրողների հետ․ առնվազն սույն քրեական վարույթով նախնական դատալսումների ժամանակ (հանրային տիրույթում ևս բազմիցս քննարկվել է հարցը) դատական նիստերի դահլիճում հայտարարվել է, որ քրեական վարույթում առկա են և մեղադրական եզրակացության մեջ տեղ են գտել նշված կեղծված ապացույցները»,- ասաց Խուդոյանը։
Հավելեց՝ տեղեկատվությունն այդ փուլում ստանալուց հետո էլ հանրային մեղադրողները որևէ գործողություն չեն ձեռնարկել կեղծիքների հանգամանքները պարզելու և իրենց լիազորությունների շրջանակում արձագանքելու համար։
Իր հերթին Բագրատ սրբազանն էլ հայտարարեց՝ հենց առաջին օրն է ասել, որ մեղադրողները մեղադրող չեն, այլ զրպարտող են։ Սրբազանը 3 հարց ուղղեց հանրային մեղադրողներին՝ պահանջելով պատասխանել և հիմնավորել իրենց պատասխանը։
«Ինչի՞ն է վերաբերում՝ «2 հոգու գյուլլել, 15 հոգու բանտ դնել» արտահայտությունը, երկրորդ՝ ավտոբուս վառելու թեմա կա՞, թե՞ չկա, երրորդ՝ ռուսական հետք կա՞, թե՞ չկա»,- ասաց սրբազանը՝ մեջբերելով այն հայտարարություններն ու շահարկումները, որոնք պարբերաբար իշխանություններն օգտագործում են։ Նա նաև հույս հայտնեց, որ հանրային մեղադրողներն իրենք ինքնաբացարկ կհայտնեն և «այդ քայլով կազատեն իրենց և իրենց սերունդներին ապագա բոլոր դժբախտություններից»։
Նա նաև շնորհավորեց այն դատախազներին, որոնք օրերս պարգևների են արժանացել՝ նշելով, որ դրանով պարտական են իրենց և Միքայել սրբազանին։
Ավելի ուշ՝ շուրջ 3 ժամ տևած քննարկումներից հետո դատավոր Կարեն Ֆարխոյանը մերժեց պաշտպան Հովհաննես Խուդոյանի ներկայացրած միջնորդությունը՝ բացարկ հայտնել հանրային 5 մեղադրողներին։ «Դատարանն այն գտնում է ոչ հիմնավոր և մերժում է»,- հայտարարեց դատավորը։
Նա նաև նշեց, որ նախնական դատալսումների փուլում ապացույցները չեն կարող գնահատվել, դա կարվի հիմնական դատալսումների ժամանակ։
Sputnik Արմենիա