Логотип

Կիպրոսցի պատգամավորները հանդես են եկել Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի օգտին

Համոզված ենք, որ միջազգային իրավունքը պետք է հարգվի ցանկացած համաձայնագրում: ԵԽԽՎ նստաշրջանի ժամանակ Հայաստանի վարչապետին փախստականների մասին հարցնելուց հետո Alpha News-ին տված հարցազրույցում հայտարարել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կիպրոսցի անդամ Ջորջ Լուկայդեսը:

«Դա նշանակում է փախստականների և տեղահանված անձանց իրենց տները, իրենց սեփականությունը վերադառնալու իրավունքը: Հենց դա էր իմ հարցը. արդյո՞ք այդ խաղաղության համաձայնագիրը իսկապես ապահովում է փախստականների իրավունքները՝ ավելի քան 100 հազար հայերի նկատմամբ Բաքվի իրականացրած էթնիկ զտումներից հետո, որոնք ստիպված էին լքել իրենց տները Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով»,- ընդգծել է նա:

ԵԽԽՎ-ում մեկ այլ կիպրոսցի պատգամավոր նշել է, որ Հայաստանի վարչապետն իրավունք չունի նման հայտարարություն անել, քանի որ մարդու իրավունքները պատկանում են յուրաքանչյուր անհատի: Այսպես է նա մեկնաբանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ԵԽԽՎ նստաշրջանում, որտեղ վերջինս հայտարարել էր, թե արցախցիների վերադարձը կարող է վնասել խաղաղության գործընթացին:

«Տուն ունենալու, հայրենիքում ազատ տեղաշարժվելու, տանը ապրելու, ազատ և անվտանգ լինելու իրավունքը՝ այդ ամենը պատկանում է յուրաքանչյուր մարդու և չի կարող տրամադրվել որևէ մեկի կողմից, նույնիսկ եթե այդ անձը վարչապետն է։ Ահա թե ինչու մարդու իրավունքները որևէ մեկը չի կարող տնօրինել։ Ահա թե ինչու մարդու իրավունքները տարբերվում են մեզ հայտնի քաղաքացիական իրավունքներից. դրանք պատկանում են յուրաքանչյուր անհատի և չեն կարող փոխանցվել կամ օտարվել։ Հետևաբար, ես բացարձակապես համաձայն չեմ նրա հետ։ Նման հայտարարությունը չի լուծում խնդիրը։ Վաղ թե ուշ մենք կտեսնենք, որ նման հայտարարությունները կամ մարդու իրավունքների ժխտումը ավելի շատ խնդիրներ են ստեղծում, քան լուծում։ Դա այն քաղաքականության ձախողումն է, որը հիմնված է այն ենթադրության վրա, որ մարդու իրավունքները կարող են ոտնահարվել։ Երբեք մի հանձնվեք»,- հայտարարել է Էֆստատիուն։

News.am