Ռուսաստանի հետ հակամարտության կարգավորման Միացյալ Նահանգների թարմացրած խաղաղության ծրագրից հանվել են Միացյալ Նահանգների և Ռուսաստանի հարաբերություններին վերաբերող կետերը, ինչպես նաև Ուկրաինայի հետ առնչություն չունեցող այլ դրույթներ։ Ըստ РБК-ի՝ դրա մասին հայտարարել է Ժնևի բանակցություններին մասնակցած Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսանդր Բևզը։
«Փաստաթուղթը շարունակելու է փոփոխվել։ Կարող ենք հաստատել, որ այն կրճատվել է՝ Ուկրաինայի հետ առնչություն չունեցող կետերը հանելու, կրկնօրինակ տեղեկությունները վերացնելու և այն խմբագրելու համար»,- նշել է Բևզը։ Նա միաժամանակ հերքել է այն տեղեկությունները, ըստ որի կետերի քանակը 28-ից կրճատվել է՝ հասցվելով 19-ի։
Բևզը ավելի վաղ հայտարարել էր, որ սկզբնական ծրագիրը գործնականում դադարեցրել է գոյություն ունենալը. որոշ կետեր հանվել են, մյուսները՝ փոփոխվել, և ուկրաինական կողմից ոչ մի մեկնաբանություն անարձագանք չի մնացել։
Financial Times-ի տվյալներով՝ Կիևը համաձայնել է սահմանափակել իր զինված ուժերի թիվը մինչև 800 հազար (սկզբնական տարբերակը նախատեսում էր 600 հազար)։ Politico-ն հաղորդել է, որ ծրագրից հանվել է ինը կետ, իսկ Դոնբասը Ռուսաստանի վերահսկողությանը հանձնելու պայմանները փոփոխվել են, ինչպես նաև փոփոխվել են «ուկրաինական տարածքներին վերաբերող այլ զգայուն հարցեր»։
Reuters-ի և CBS-ի տեղեկություններով՝ ուկրաինական պատվիրակությունն աջակցել է համաձայնագրի հիմնական դրույթներին՝ բաց թողնելով միայն մի քանի մանրամասներ։
Կրեմլը ստացել է փաստաթղթի նախնական տարբերակը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոստովանել է, որ այդ ծրագիրը կարող է խաղաղ կարգավորման հիմք ծառայել, իսկ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է Միացյալ Նահանգների պատրաստած և Ուկրաինայի և Եվրոպայի հետ խորհրդակցություններից հետո համաձայնեցված միջանկյալ տարբերակն ուսումնասիրելու իր պատրաստակամության մասին։
News.am
