Կարմիր խաչի միջազգային կոմիտեն չի դադարում ադրբեջանական իշխանությունների հետ երկխոսությունը վերականգնելու ուղիներ փնտրել։ Այս մասին լրագրողներին ասաց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ անդրադառնալով Ադրբեջանում Կարմիր խաչի գրասենյակի փակվելուց հետո հայ գերիների վերաբերյալ տեղեկություններ ստանալու հանգամանքին։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Ադրբեջանում 33 տարի գործելուց հետո այս տարի սեպտեմբերին փակեց իր ներկայացուցչությունը։
«Ֆիզիկապես այնտեղ չգտնվելով` այլևս հնարավոր չէ հետևել հակամարտությանն առնչվող բոլոր մարդասիրական հարցերին, որոնցով մեր կազմակերպությունը զբաղվել է Ադրբեջանում։ Նման դեպքերը մեր պրակտիկայում հազվադեպ են, բայց մեր կազմակերպությունը չի դադարում տվյալ երկրի իշխանությունների հետ երկխոսությունը վերականգնելու ուղիներ փնտրել»,- ընդգծեց Ամատունին։
Նրա խոսքով՝ հանգամանքները, որոնք կապված են Ադրբեջանում ԿԽՄԿ-ի աշխատանքների դադարեցման հետ, չեն հանրայնացվում, որովհետև այդ աշխատանքների զգալի մասը կոնֆիդենցիալ ձևաչափով է իրականացվում։
«Մարդասիրական խնդիրները, որոնք վերաբերում են Ղարաբաղյան հակամարտության հարցերին, մեր ուշադրության կենտրոնում են այս պահին Հայաստանում։ Խոսքը վերաբերում է անհետ կորածների հիմնախնդիրներին, դատաբժշկական կառույցների կարիքների և կարողությունների բարձրացմանը, սահմանամերձ բնակչությանը։ Այդ բոլոր հարցերը, անկախ մեր բացակայությունից Ադրբեջանում, այս պահին մեր ուշադրության կենտրոնում են»,- ասաց Ամատունին։
Sputnik Արմենիա
