ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիմել է ազգին Իրանի դեմ պատերազմի վերաբերյալ, հաղորդում է CNN-ը։
Նա նշել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է ուժեղացնել իր ռազմական արձագանքը Իրանի դեմ «հաջորդ երկու-երեք շաբաթվա ընթացքում»։
«Մենք նրանց չափազանց ուժեղ կհարվածենք հաջորդ երկու-երեք շաբաթվա ընթացքում։ Մենք նրանց կվերադարձնենք քարե դար։ Քննարկումները շարունակվում են։ Ռեժիմի փոփոխությունը մեր նպատակը չէր։ Մենք երբեք չենք խոսել ռեժիմի փոփոխության մասին, բայց ռեժիմի փոփոխությունը տեղի է ունեցել նրանց բոլոր առաջնորդների մահվան պատճառով։ Մենք արդեն 32 օր է, ինչ մասնակցում ենք այս զանգվածային և փայլուն ռազմական գործողությանը ամենահզոր երկրներից մեկի դեմ, և այդ երկիրը գործնականում ոչնչացված է և, ըստ էության, այլևս սպառնալիք չի ներկայացնում», – ընդգծել է Թրամփը։
Նա հավելել է, որ եթե գործարքը ձախողվի, ԱՄՆ-ն «շատ ուժեղ կհարվածի նրանց բոլոր էլեկտրակայաններին»։ Թրամփը հավելել է, որ ԱՄՆ-ն չի հարվածել իրանական նավթին, չնայած այն «ամենահեշտ թիրախն է, քանի որ դա նրանց նույնիսկ գոյատևման կամ վերականգնման չնչին հնարավորություն չէր տա»։
Նա վստահեցրել է, որ Իրանի հետ պատերազմը «մոտենում է իր ավարտին» և կանխատեսեց, որ այն կտևի ևս երկու-երեք շաբաթ։ «Ես ուրախ եմ այսօր երեկոյան հայտնել, որ այս կարևոր ռազմավարական նպատակները մոտ են իրականացմանը», – ասել է Թրամփը։ Նա ասաց, որ 13 զոհված զինծառայողների ընտանիքները հրահանգել են իրեն «ավարտել սկսածը»։
ԱՄՆ նախագահը կրկնել է, որ ԱՄՆ դաշնակիցները պատասխանատու կլինեն Հորմուզի նեղուցի վերաբացման համար՝ կոչ անելով նրանց «քաջություն ունենալ» և ղեկավարել այս կարևոր ջրային ուղու վրա վերահսկողությունը վերականգնելու գործողությունը։ «Դժվար մասն արդեն արված է, ուստի մնացածը հեշտ կլինի, և ամեն դեպքում, երբ այս հակամարտությունն ավարտվի, նեղուցը, բնականաբար, կբացվի», – ասել է Թրամփը։
«Մեզ նրանց նավթը պետք չէ։ Մեզ նրանց ունեցած ոչինչ պետք չէ, բայց մենք այնտեղ ենք մեր դաշնակիցներին օգնելու համար», – ասել է նա։
Թրամփը կրկնել է, որ իրանական հրթիռները շուտով կկարողանան հասնել «ամերիկյան տարածք», այդպիսով արդարացնելով Թեհրանի դեմ պատերազմի սկիզբը։
News.am
