Եվրամիությունը սկսել է շանտաժի ենթարկել Վրաստանին այն բանից հետո, երբ վերջինս 2022 թվականին հրաժարվել է միանալ Ռուսաստանի դեմ ռազմական հակամարտությանը։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ նա բազմիցս հաղորդել էր, որ ԵՄ երկրները և ուկրաինացի պաշտոնյաները կոչ են արել Վրաստանին Ռուսաստանի դեմ 2022 թվականին «երկրորդ ճակատ» բացել։
«2022 թվականին մենք հրաժարվեցինք մտնել պատերազմի մեջ, և դրանից հետո սկսվեց բացարձակապես աննախադեպ շանտաժ։ Նախ, առանց որևէ հիմքի, մեզ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ չտրվեց, թեև դրանից հետո բազմիցս հայտարարվեց, որ Վրաստանը առաջատարն է բոլոր թեկնածու երկրների շարքում», – լրագրողներին ասել է վարչապետը։
Կառավարության ղեկավարի խոսքով՝ Վրաստանը հրաժարվեց կատարել Եվրամիության պահանջները, որից հետո «եվրոպական բյուրոկրատիան ներգրավվեց վրաց ժողովրդին և կառավարությանը շանտաժի ենթարկելու մեջ, ինչը շատ ցավալի է»։
«ԵՄ-ն չի կարող նույնացվել այնպիսի երևույթների հետ, ինչպիսին է ատելությունը, իսկ դուք կարող եք տեսնել, որ եվրոպական բյուրոկրատիան այսօր նույնացվում է դրա հետ։ Մարդկանց հորդորելով գնալ ընտրատեղամասեր և քվեարկել իրենց օգտին՝ նրանք բացահայտորեն կոչ արեցին «Միասնական ազգային շարժմանը» (վրացական խոշոր եվրոպամետ կուսակցություն, որի հիմնադիրն է Միխեիլ Սաակաշվիլին -խմբ.։) վերադառնալ իշխանության։ Վրաց ժողովրդի ընկալմամբ ԵՄ-ն չի կարող կապ ունենալ նման բաների հետ», – ասել է Վրաստանի վարչապետը։
Sputnik Արմենիա