Логотип

Կոբախիձե․ Չինաստանը, Ադրբեջանը և Վրաստանը շատ հետաքրքիր երթուղի են ստեղծում

Վրաստանը պատմականորեն կապող օղակ է եղել Արևմուտքի և Արևելքի, Եվրոպայի և Ասիայի միջև և այդ համատեքստում մենք, իհարկե, ցանկանում ենք ուժեղացնել մեր դերը՝ որպես Արևմուտքը և Արևելքը կապող երկիր, այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն CCTV-ի Leaders Talk հաղորդման ժամանակ, փոխանցում է Գրուզիա Օնլայն-ը։

Ինչպես նշել է Վրաստանի կառավարության ղեկավարը, Չինաստանը, Կենտրոնական Ասիայի երկրները, Ադրբեջանը, Վրաստանը «շատ հետաքրքիր երթուղի են ստեղծում տնտեսական կապերի և առևտրային գործընկերության համար»։

«Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի ավելի մեծ դեր խաղանք «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունում։ Վրաստանը ռազմավարական դիրք ունի։ Պատմականորեն Վրաստանը կապող օղակ է եղել Արևմուտքի և Արևելքի, Եվրոպայի և Ասիայի միջև և այդ համատեքստում մենք, իհարկե, ցանկանում ենք ամրապնդել մեր դերը՝ որպես Արևմուտքը և Արևելքը կապող երկրի։ Բացի այդ, այս համատեքստում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը մեր մասնակցությունը մեզ համար շատ հեռանկարային է։

«Մենք ցանկանում ենք առավելագույնս վերականգնել մեր տարանցիկ գործառույթը և դրա համար զգալի ներդրումներ ենք կատարում, հատկապես՝ ենթակառուցվածքներում։ Մենք ամրապնդում ենք Վրաստանի ենթակառուցվածքները։ Մենք մեծ ներդրումներ ենք կատարում մայրուղիների, ծովային նավահանգիստների, օդանավակայանների և երկաթուղիների կառուցման մեջ, որպեսզի Վրաստանը ավելի ուժեղ խաղացող դառնա՝ աշխարհի տարբեր մասերը միացնելու տեսանկյունից։ «Միջին միջանցք» նախաձեռնությունը կարող է չափազանց կարևոր դեր խաղալ տարբեր երկրների միջև տնտեսական գործընկերության և առևտրային հարաբերությունների զարգացման գործում։

Չինաստանը, Կենտրոնական Ասիայի երկրները, Ադրբեջանը, Վրաստանը շատ հետաքրքիր երթուղի են ստեղծում տնտեսական կապերի և առևտրային գործընկերության համար։ Այդ իսկ պատճառով մենք հավատարիմ ենք մնում Միջին միջանցքի, Անդրկասպյան միջանցքի ամրապնդման գաղափարին։ Եվ Վրաստանը հուսալի գործընկեր է մեր շուրջ գտնվող բոլոր երկրների համար։ Այդ իսկ պատճառով մենք կարծում ենք, որ Վրաստանը կարող է նաև ապագայում բավականին դրական դեր խաղալ համագործակցության ամրապնդման առումով, հայտարարել է Վրաստանի վարչապետը։

News.am