ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար կարևոր է, որ Ռուսաստանը ներգրավվի Հայաստանից մինչև Ադրբեջանի և Թուրքիայի սահմաններ երկաթուղային հատվածների վերականգնման գործում, որոնք այնուհետև կմիանան «Թրամփի երթուղուն», որպեսզի քննադատության դեպքում սլաքներն ուղղվեն Ռուսաստանի դեմ, կարծում է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։
Հայաստանը դիմել է Ռուսաստանին՝ Հայաստանից մինչև Ադրբեջանի և Թուրքիայի սահմաններ երկաթուղային հատվածների վերականգնման հարցով։ Այս մասին հայտնել է երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 15-ին։ Նրա խոսքով՝ ինքն արդեն քննարկել է այս հարցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ինչպես նաև երկու երկրների կառավարությունների մակարդակով։
Զատուլինի խոսքով, ինչպես մեջբերել է НСН-ը, ԱՄՆ-ի և Հայաստանի միջև մասամբ հրապարակված համաձայնագրերը ցույց են տալիս, որ այդ միջանցքով տարանցումից շահույթ ստացող ընկերության 76 տոկոսը կպատկանի ԱՄՆ-ին, իսկ 24 տոկոսը՝ Հայաստանին։
«Ուրիշ ոչ ոք չի կարող մասնակցել դրան։ Ռուսաստանը կարող է ներգրավված լինել որոշ գործառույթներում, բայց չի կարող լինել այդ ընկերության հիմնադիրների կամ բաժնետերերի շարքում։ Դրանից հետո Փաշինյանը ցանկանում էր ինչ-որ ժեստ անել՝ շեղելու քննադատությունը, թե անտեսում է Ռուսաստանի շահերը»,- ընդգծել է պատգամավորը։
Զատուլինը զգուշացրել է, որ Հայաստանը ցանկանում է «սլաքներն ուղղել» Ռուսաստանի դեմ. նրան չեն հետաքրքրում Մոսկվայի շահերը։
«Մենք խոսում ենք Ադրբեջանին և Թուրքիային հարակից տարածքների մասին։ Փաշինյանը ցանկանում է Ռուսաստանին ներքաշել այս աշխատանքի մեջ, որպեսզի հետո կարողանա ամենուրեք պնդել, որ Ռուսաստանը ներգրավված է։ Կոպիտ ասած՝ նա ցանկանում է սլաքներն ուղղել Ռուսաստանի դեմ։ Սա մոտավորապես նույնն է, ինչ տեղի ունեցավ մեր խաղաղապահ զորախմբի հետ, որը սկզբում հրավիրվեց Ղարաբաղ, բայց հետո նրա ներկայությունը գործնականում անտեսվեց։ Մենք պարզապես պետք է հասկանանք, որ Փաշինյանը չի գործում մեր շահերից ելնելով. նա խաղադրույք է կատարում Արևմուտքի հետ դաշինքի և բարեկամության վրա։ Նրա առաջարկները պետք է բազմիցս վերլուծվեն՝ համոզվելու համար, որ թաքնված աստառ չկա»,- հայտնել է պատգամավորը։
