Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը Մոսկվայի Հայ Առաքելական եկեղեցու մայր տաճարում հանդես է եկել «Ռուս-հայկական հարաբերությունների զարգացումը ներկա փուլում» թեմայով ելույթով։
«Իմ ընկերը՝ Հայաստանի խորհրդարանում զոհված վարչապետ Վազգեն Սարգսյանը, որի պատմությունը դուք բոլորդ հիշում եք, մի ժամանակ ինձ ասել էր, որ Ռուսաստանը Կովկասում ունի իր Իսրայելը։ Դա Հայաստանն է։ Ես իմ մի քանի ելույթներ սկսել եմ հենց այդ խոսքերով, որովհետև կարծում էի՝ մեծ հաշվով նա իրավացի էր։ Կապերը, որոնք ձևավորվել են դարերի ընթացքում, այն բանի շնորհիվ են, որ Արևելյան Հայաստանը դարձել է Ռուսական կայսրության մաս, որ մեր ընդհանուր պատմության մեջ կան այնպիսի հերոսներ, որոնք պատիվ են մեզ համար՝ և՛ հայկական, և՛ ռուսական կողմից: Հայեր, որոնք կռվել են Ռուսական կայսրության, ապա՝ Խորհրդային Միության համար՝ լինելով ԽՍՀՄ քաղաքացիներ կամ Ռուսական կայսրության հպատակներ։ Եվ ռուսներ, որոնք ապրել և պայքարել են հայերի հետ միասին»,- ասել է նա։
Զատուլինը նշել է, որ եթե վարչապետ Փաշինյանը շարունակի մնալ իշխանության, ապա դա կդառնա ոչ միայն պետությունների՝ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների խնդիր, այլ նաև ռուս և հայ ժողովուրդների փոխհարաբերությունների խնդիր։
«ԱՄՆ-ի համար անկասկած կարևոր է, որ հայերը, հրեաներից հետո, գլոբալ՝ աշխարհաքաղաքական մակարդակում, դառնան իրենց դաշնակիցները։ Հաշվի առնելով հայկական սփյուռքի կարևորությունն ու աշխարհասփյուռ ներկայությունը՝ թե՛ Ուրուգվայում, թե՛ Արգենտինայում, թե՛ Միացյալ Նահանգներում, որտեղ նրանք մասնակցում են ընտրություններին և այլն։ Դա նրանց համար կարևոր է։ Բայց մի՞թե մեզ համար և ձեզ համար կարևոր չէ, թե ինչպիսին կլինի Հայաստանը։ Որովհետև եթե Հայաստանը շարունակի այս ուղին Փաշինյանի ղեկավարությամբ, ապա դա այլևս չի լինի միայն Ռուսաստանի և Հայաստանի՝ որպես պետությունների հարաբերությունների խնդիր։ Դա արդեն դառնում է ռուս և հայ ժողովուրդների փոխհարաբերությունների խնդիր»,- ընդգծել է ռուս պատգամավորը։
Նրա խոսքով՝ Փաշինյանի իշխանավարման յուրաքանչյուր օրը խայտառակություն է Ռուսաստանի և հայ ժողովրդի համար։
«Վստահ եմ, որ երբ ավարտվի հատուկ ռազմական գործողությունը, մենք կսկսենք վերանայել մեր հարաբերությունները մերձավոր արտասահմանի երկրների հետ, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի։ Կգործենք շատ ավելի վճռական։ Այդ ամենը կլինի։ Սակայն պետք է հասկանալ, որ Հայաստանում հունիսի 7-ին ընտրություններ են նախատեսված։ Եվ հենց դուք, ոչ թե ես, կարող եք որոշ չափով ազդել դրանց վրա, քանի որ ունեք ընկերներ, ծանոթներ և այլն։ Ես չեմ գերագնահատում ձեր հնարավորությունների ծավալն ու խորությունը։ Բայց մեզանից յուրաքանչյուրը պետք է ինչ-որ բան անի, հակառակ դեպքում այս խայտառակությունը չի ավարտվի։
Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանի իշխանավարման յուրաքանչյուր օրը խայտառակություն է Ռուսաստանի և հայ ժողովրդի համար, որովհետև նա միաժամանակ դավաճանում է և՛ հայ ժողովրդին, և՛ Ռուսաստանին՝ տարբեր ձևերով, բայց միաժամանակ»,- եզրափակել է Զատուլինը։
