Логотип

ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՍԻՄՈՆՈՎԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՈՐ ԱԷԿ-Ի ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ «ՌՈՍԱՏՈՄ»-Ի ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ազգային էներգետիկ անվտանգության ֆոնդի գործադիր տնօրեն Կոնստանտին Սիմոնովը XVIII Վերոնայի Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակում Ստամբուլում մեկնաբանել է Alpha News-ին Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման շուրջ ստեղծված իրավիճակը՝ անդրադառնալով նաև «Ռոսատոմ»-ի դիրքորոշմանը։

Նրա խոսքով՝ «Ռոսատոմ»-ը ճկուն ընկերություն է, որը պատրաստ է հարմարեցվել պատվիրատուի պահանջներին։ Սակայն այդ ճկունությունը ունի սահմաններ, որոնք պայմանավորված են տեխնոլոգիական լուծումներով։ Ընկերությունը կարող է ներգրավել տարբեր ենթակապալառուներ և մատակարարներ, սակայն եթե նախագծի ամբողջական ձևաչափը նախապես պարտադրվում է, ապա «Ռոսատոմ»-ի հնարավորությունները սահմանափակվում են։

«Եթե նպատակն է՝ պատճառ գտնել, որպեսզի «Ռոսատոմ»-ը չմասնակցի նախագծին, ապա դա հնարավոր է։ Բայց հարցն այն է՝ ինչու՞։ Դուք ունեք ընկերություն, որը պատրաստ է իրականացնել ծրագիրը։ Ինչու՞ չլսել նրան՝ որպես տեխնոլոգիաների տիրապետող կողմի, որը լավագույնս պատկերացնում է գործընթացը», — նշել է Սիմոնովը։

Նա ընդգծել է, որ Հայաստանում արդեն գործում է խորհրդային ժամանակներից մնացած ատոմակայան, ինչը վկայում է երկրի ունեցած փորձի մասին։ «Ռոսատոմ»-ը, լինելով այդ տեխնոլոգիաների իրավահաջորդը, ունի անհրաժեշտ գիտելիքներ և կարողություններ՝ նոր կայանի կառուցման համար։

Սիմոնովը նաև նշել է, որ եթե հայկական կողմը ցանկանում է ներգրավել տեղական ենթակապալառուներին, դա հասկանալի է։ Սակայն երբ հստակ սահմանվում է, թե ինչ տեխնոլոգիա պետք է կիրառվի՝ առանց հաշվի առնելու ընդհանուր նախագծային պատկերացումը, դա կարող է խոչընդոտել համագործակցությանը։ «Եթե իսկապես ցանկանում ենք իրականացնել նախագիծը, անհրաժեշտ է երկխոսություն և փոխադարձ լսում», — եզրափակել է նա։

Alpha News