Логотип

Կոպիրկինն ընդունել է ՀՀ-ում Պարենի համաշխարհային ծրագրի նորանշանակ տնօրեն Լեյլա Մելիուհին

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն ընդունել է Հայաստանում ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի նորանշանակ տնօրեն Լեյլա Մելիուհին։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը։

Զրուցակիցներն անդրադարձել են «Կայուն դպրոցական սննդի զարգացում» ծրագրի շրջանակներում փոխգործակցության հեռանկարներին։ Ռուսաստանի կառավարության աջակցությամբ իրականացվող ծրագիրը Հայաստանում ներդրվել է 15 տարի առաջ։

«Կողմերը նշել են Ռուսաստանի Դաշնության, ՄԱԿ-ի և Հայաստանի կառավարության միջև համագործակցության բարձր արդյունավետությունը, ինչպես նաև մինչև 2030թ. հաշվարկված նախագծի 5-րդ փուլի շրջանակներում սերտ համակարգման պատրաստակամությունը՝ Ռուսաստանի Դաշնության կողմից ՄԱԿ-ի հիմնադրամում ավելի քան 25 մլն ԱՄՆ դոլարի նպատակային ներդրմամբ»,- նշված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը գործում է 2010 թվականից 10 մարզերում։ Ծրագրում ընդգրկված մի շարք դպրոցների նախակրթարանների և տարրական դասարանների երեխաները արդեն 15 տարի առողջ սնունդ են ստանում: Իրականացվում է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրով՝ Ռուսաստանի կառավարության ֆինանսավորմամբ:

Sputnik Արմենիա