Արևմուտքի հետ Հայաստանի մերձեցումը իր արտաքին քաղաքական կապերի լայն դիվերսիֆիկացման համատեքստում նոր մարտահրավերներ է ստեղծում Մոսկվայի և Երևանի հարաբերություններում, հայտնել է Երևանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը «Россия 24» հեռուստաալիքի եթերում։
«Մենք գիտենք, որ ԵՄ-ն այժմ թշնամական քաղաքականություն է վարում Ռուսաստանի Դաշնության հանդեպ և, ընդհանուր առմամբ, անթաքույց ազդանշան է տալիս իր գործընկերներին այն մասին, որ նրանք պետք է աջակցեն այդ քաղաքականությանը, այդ թվում և պատժամիջոցների իմաստով։ Իհարկե, դա նոր մարտահրավերներ է ստեղծում մեր հարաբերություններում և պահանջում է երկու կողմերից շատ խելամիտ, կշռադատված, իմաստուն մոտեցում, ռազմավարական հեռատեսություն»,- ասել է Կոպիրկինը։
Նա ավելացրել է, որ սա պահանջում է երկկողմ հարաբերությունների հարմարեցում նոր իրողություններին։
Դեսպանը նաև նշել է, որ Մոսկվան բաց է քննարկելու Ռուսաստանի մասնակցության հնարավորությունը «Թրամփի ուղի» նախագծում՝ հատկապես հաշվի առնելով Ռուսաստանի և Հայաստանի համագործակցությունը երկաթուղային ոլորտի զարգացման գործում։
Կոպիրկինի խոսքով՝ Ռուսաստանը ուշադիր հետևում է «Թրամփի ուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար» նախագծի շուրջ զարգացումներին։
News.am
