Логотип

Կսահմանվեն դարի ռեկորդներ․ կայանալու է «Սինքրոն մյուզիքլ 9999» համաշխարհային նախագիծը

Պատմության մեջ առաջին անգամ կայանալու է «9999 Al&World Peоple» սինքրոն ժամանակակից մյուզիքլի պրեմիերան, որը կընդգրկվի աշխարհի ռեկորդների գրքում։ Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի սրահում այս մասին ասաց «9999 համաշխարհային նախագծի» հայաստանյան մասնաճյուղի գործադիր տնօրեն, «9999 Մեխիկո» ժամանակակից մյուզիքլի առաջին համաշխարհային սինքրոն թատրոնի մեներգչուհի Մերի Վարդանյանը։

Նա նշեց, որ սկզբում առցանց քասթինգ է լինելու, հավաքագրվելու են մասնակիցները, իսկ հետո նաև դասընթացներ կլինեն մյուզիքլի վերաբերյալ։

«Համաշխարհային այս նախագծին նախատեսվում է նոր ռեկորդներ սահմանել ոչ միայն Հայաստանի մասշտաբով, ոչ միայն համաշխարհային, այլև դարի։ Հավաքվելու են հիմնականում ստեղծագործ մարդիկ՝ կայացած մարզիկներ, արտիստներ, պարողներ, աշխարհի և օլիմպիական խաղերի չեմպիոններ ու ռեկորդակիրներ և բազմաթիվ այլ հայտնի դեմքեր։ Ընդհանուր առմամբ միջոցառմանը կմասնակցեն 9999 հայտնի դերասաններ, հայտնի երգիչներ 33 երկրից, այդ թվում՝ Հայաստանից»,- նշեց Վարդանյանը:

Նրա խոսքով` նախագծի հիմնական գաղափարն արհեստական բանականության և ժամանակից մարդու համագործակցությունն է, որի շրջանակներում մարդը` որպես անհատ, ստեղծագործելու է, ու այդ ամենը լինելու է սինքրոնության սահմաններում. ստեղծագործողները մեկ հարթակի շուրջ միասին նույն ստեղծագործությունն են ներկայացնելու։

Մերի Վարդանյանն ընդգծեց, որ նախագծի սցենարի հեղինակը երգչուհի Ժասմինն է, նախագծին միանալու է նաև աշխարհի ամենահզոր ձայներից մեկը` Միլեն Կայե-Կարանյանը, որը մյուզիքլի մեներգչուհին է լինելու։

Հայաստանից ներգրավված են լինելու «Դյուցազնագիրք» հասարակական կազմակերպության նախագահ, Հայաստանի ռեկորդների գրքի գլխավոր խմբագիր Վարդան Թովմասյանը, Դյուցազնագրքի բազմակի ռեկորդակիր, Գինեսի գրքում գրանցված Վարդան Պետրոսյանը և այլք։

Ռուսաստանից ներգրավված են լինելու մեներգիչ Եվգենի Ռազինը, այս նախագծի ղեկավարներից մեկը՝ Մեծ թատրոնի մենապարող Իլյա Գոլուբևը և այլք։

Հավելենք, որ միջոցառումը տեղի է ունենալու 2026 թվականի հունվարին միաժամանակ 33 երկրներում, այդ թվում` Հայաստանում, Ռուսաստանում, Մեքսիկայում։ Յուրաքանչյուր երկիր ներկայացնելու է 1111 մասնակից։