Հովհաննավանքը զավթելու վերաբերյալ ներկայացված հաղորդումից հետո վարույթ չի նախաձեռնվել։ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում։
Ինչպես հայտնել ենք, փաստաբան Արա Զոհրաբյանը հոկտեմբերի 23–ին իրավապահներին 3 հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին։ Դրանցից մեկը, ըստ Զոհրաբյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ստեփան Ասատրյանի (Հովհաննավանքի կարգալույծ արված քահանան) կողմից կրոնական ծեսի կատարմանը խոչընդոտելու նախապատրաստության մասին է։ Փաստաբանը նշել էր, որ վարչապետ Փաշինյանը և Ստեփան Ասատրյանը փորձում են խոչընդոտել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու կողմից նշանակված քահանայի կողմից 2025թ. հոկտեմբերի 26-ին կատարվելիք պատարագը։
«Որքան տեղյակ եմ, հանցագործության մասին հաղորդում ենք ստացել, բայց ոչ թե Մայր աթոռից, այլ փաստաբաններից։ Էդ հաղորդմանը սահմանված կարգով ընթացք է տրվել։ Այս պահի դրությամբ, որքան տեղյակ եմ, վարույթ չի նախաձեռնվել»,- նշեց ՔԿ նախագահը։
Լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե արդյոք որևէ գործընթաց նախաձեռնվե՞լ է Քննչական կոմիտեում հոկտեմբերի 15-ին 15 հոգևորականների ձերբակալություններից հետո, երբ փաստաբաններն ու հոգևորականները նշել են քննիչների կողմից իրենց նկատմամբ թույլ տրված իրավունքների խախտումների վերաբերյալ։
ՔԿ նախագահը հայտնեց, որ իր հանձնարարությամբ ծառայողական քննություն է նշանակվել, այդ թվում՝ այն տեղեկությունների մասով, թե փաստաբաններին խոչընդոտել են տևական ժամանակ հանդիպել իրենց վստահորդների հետ։
«Քանի որ մամուլում հրապարակումներ եղան, թե ենթադրաբար ինչ-որ իրավունքներ են սահմանափակվել, իմ հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն։ Եթե պարզվի` որևէ քննիչ կարգապահական խախտում է թույլ տվել, համոզված եղեք՝ կենթարկվի կարգապահական պատասխանատվության»,- ասաց ՔԿ նախագահը։
Լրագրողը հետաքրքրվեց՝ կա՞ արդյոք որևէ հրահանգ` միտումնավոր կերպով նսեմացնել հոգևորականին, այդ թվում՝ նրան կոչել ավազանի անունով և այլն։ ՔԿ նախագահի խոսքով՝ քննիչը կենսագրական տվյալներում օրենքով պետք է նշի նրա անձնագրային տվյալները. չի կարող այլ անվամբ դիմել տվյալ անձին։ Վստահեցրեց, որ որևէ հրահանգ չկա հոգևորականների հանդեպ վատ վերաբերմունք դրսևորելու. քննիչն առաջնորդվում է բացառապես օրենքով։
Sputnik Արմենիա
