Կրեմլը ողջունում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որը լավ գաղափար է անվանել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի առաջարկը Ռազմավարական հարձակողական սպառազինությունների վերաբերյալ։
Ավելի վաղ Սպիտակ տան մոտ լրագրողների հետ զրույցում Թրամփն ասել էր, որ ռազմավարական սպառազինությունների սահմանափակման պայմանագրի գործողությունը երկարաձգելու Պուտինի առաջարկն իրեն լավ գաղափար է թվում:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ ԱՄՆ նախագահի խոսքերը հույս են տալիս, որ Վաշինգտոնը կաջակցի նախաձեռնությանը։
«Կարծում ենք, որ դա լավատեսության հիմք է տալիս այն առումով, որ ԱՄՆ-ն կաջակցի Պուտինի նախաձեռնությանը»,- հավելել է նա:
Անդրադառնալով ԵՄ երկրների հայտարարություններին Ռուսաստանի կողմից իրենց տարածք դրոններ արձակելու վերաբերյալ, Պեսկովը նշել է, որ Ռուսաստանին մեղադրելու որևէ հիմք չկա: Նրա խոսքով՝ Եվրոպայում շատ քաղաքական գործիչներ կան, որոնք այժմ հակված են ամեն ինչում մեղադրել Ռուսաստանին, ընդ որում՝ դա անում են անհիմն ու անփույթ։
Ռուսաստանի նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ Մոսկվան պատրաստ է 2026-ի փետրվարի 5-ից հետո մեկ տարվա ընթացքում շարունակել հավատարիմ մնալ Ռազմավարական հարձակողական սպառազինությունների կրճատման պայմանագրի (ՌՀՍՊԿ) համապատասխան սահմանափակումներին: Ռուսաստանը որոշում կկայացնի ՌՀՍԿՊ տարեկան կամավոր ինքնասահմանափակումների հետագա պահպանման մասին՝ իրավիճակի վերլուծության հիման վրա, հավելել է պետության ղեկավարը։ Ինչպես նշել է Պուտինը, Ռուսաստանը կարծում է, որ ՌՀՍԿՊ սահմանափակումներին համապատասխանելու քայլերը արդյունք կտան, եթե ԱՄՆ-ը նույնպես փոխադարձաբար արձագանքի։
Sputnik Արմենիա