Логотип

Կրեմլը պատասխանել է Եվրոպայի հետ երկխոսության հնարավոր վերսկսման մասին հարցերին

Մենք գրանցել ենք վերջին օրերին մի շարք եվրոպական առաջնորդների հայտարարությունները։ Դրանք հնչել են Փարիզից, Հռոմից, անգամ Բեռլինից։ Այս մասին հայտնել է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Մոսկվայի հետ երկխոսությունը վերսկսելու մասին առաջարկությունները։

Նրա խոսքով՝ Կրեմլի տեսլականը «բացարձակապես համապատասխանում է» այն դիրքորոշմանը, որ «մենք պետք է խոսենք ռուսների հետ»՝ «Եվրոպայում կայունությունն ապահովելու համար»։ «Սա նրանց դիրքորոշման դրական զարգացում է։ Որովհետև վերջերս մենք լսեցինք հայտարարություններ, որոնք լիովին բացառում էին ռուսների հետ ցանկացած երկխոսության հնարավորությունը»,-հավելացրել է Պեսկովը։

Հունվարի սկզբին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել էր, որ առաջիկա շաբաթներին նախատեսում է զրույց ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ավելի ուշ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին էր հայտնել, որ ժամանակն է, որ Եվրոպան նույնպես խոսի Ռուսաստանի հետ։

Ինչպես գրել է «Ինտերֆաքսը», լրագրողների այն հարցին, թե արդյոք կոնկրետ առաջնորդներ ազդարարել են Ռուսաստանի հետ շփումների վերսկսման մասին, Պեսկովը պատասխանել է. «Եթե նման շփումներ սկսվեն, մենք, իհարկե, անմիջապես կտեղեկացնենք ձեզ»։

Կրեմլի ներկայացուցիչը նաև հայտնել է, որ «Լոնդոնի դիրքորոշումը, ավելի շուտ, շարունակում է մնալ ապակառուցողական»։ «Այո, Մեծ Բրիտանիան առայժմ կմնա արմատական դիրքերում»։ «Լոնդոնը ոչ մի կերպ չի ցանկանում նպաստել եվրոպական մայրցամաքում խաղաղությանը, կայունությանը կամ կանխատեսելի իրավիճակին», ասել է Պեսկովը։

Մեկ օր առաջ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Իվետ Քուպերը Politico-ի հարցազրույցում մերժել էր Ֆրանսիայի և Իտալիայի առաջնորդների առաջարկը՝ վերսկսելու Վլադիմիր Պուտինի հետ դիվանագիտական ​​​​գործակցությունը: «Կարծում եմ՝ մեզ անհրաժեշտ են ապացույցներ, որ Պուտինը իսկապես խաղաղություն է ուզում, այս պահին ես դա չեմ տեսնում»,- ասել է նա: «Մինչ այժմ ես չեմ տեսնում ապացույցներ, որ Պուտինը պատրաստ է նստել բանակցությունների սեղանի շուրջ կամ սկսել քննարկումներ»,- հայտնել է նախարարը:

News.am