ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Վազգեն Ավետիսյանը փաստաբան Հովհաննես Խուդոյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հաղորդում է ներկայացրել Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանին։ Հաղորդման հիմքում փաստաբանի այն հայտարարությունն է, որ ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանի՝ «Հանրային» հեռուստաընկերության եթերում արված հայտարարությունը սուտ է։
Հովհաննես Խուդոյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ պատրաստվում է դիմել Փաստաբանների պալատին, որպեսզի իր նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվի։ Նա բացատրեց` պալատը, ստանալով կարգապահական վարույթի հետ կապված իր դիրքորոշումը, որոշելու է՝ վարույթ հարուցի, թե ոչ։
«Խնդրելու եմ, որ վարույթ հարուցվի, որպեսզի արդեն ամբողջ խորհրդի կազմով այս հարցը քննարկեն, ու ես ներկայացնեմ իմ դիրքորոշումները։ Պետք է հարցին բովանդակային անդրադառնանք»,- ասաց նա։
Խուդոյանը նշեց, որ ինքն իր հայտարարությունում գնահատողական վերաբերմունք չի տվել, ավելին՝ վստահեցրեց, որ իր մասնագիտական գործունեության ընթացքում որևէ մեկին չի վիրավորել։
«Կան արտահայտություններ, որոնք առանձին դեպքում կարող են ընկալվել վիրավորական, դրանց պատասխանները ունեմ, և դրանք իրականությանը համապատասխանող են։ Մասնավորապես, եթե ասում եմ, որ Քննչական կոմիտեի նախագահը սուտ է խոսում, դա ոչ թե զուտ գնահատողական դատողություն եմ անում իմ կողմից և էմոցիոնալ ինչ-որ պատասխան տալիս, այլ փաստերի համադրումով հիմնավորել եմ։ Դա արդեն ապացուցված հանգամանք է, որ այդպես է եղել, որևէ նոր բան չեմ ասում։ Գուցե իրենց անհանգստացնում է, որ պարբերաբար եմ ասում, բայց դրանից բան չի փոխվում։ Լուծման եղանակն այն է, որ Քննչական կոմիտեի նախագահը ներողություն խնդրի ապատեղեկատվություն տարածելու համար»,- հավելեց Խուդոյանը։
Միևնույն ժամանակ փաստաբանը նշեց, որ հստակ հասկանում է` իրավապահների կողմից վերջին շրջանում փաստաբանների նկատմամբ կատարված գործողությունների հիմքում քննիչների ծանր հոգեբանական վիճակն է։
«Նկատում եմ, որ իրավապահ համակարգի աշխատակիցները ներգրավված են այնպիսի գործերում և կատարում են այնպիսի պատվերներ, որոնք ակնհայտորեն ունեն ծանր բարոյական ազդեցություն նրանց վրա։ Չնայած դժկամությանը, ամեն կերպ խուսափելու և պատասխանատվությունը միմյանց վրա բարդելու փորձերին` նրանք այդ գործերին ընթացք են տալիս։ Մյուս կողմից հանրային քննադատությունը, ամոթանքը և դատապարտումը, որոնք ուղղված են նրանց, հավանաբար ավելի են բարդացնում նրանց հոգեբանական վիճակը։ Այս պայմաններում նրանք ավելի քիչ են պատրաստակամ լինում շարունակելու ապօրինությունները։ Կարծում եմ, որ այս միջոցով փորձում են պաշտպանել այդ «արտադրանքը», որպեսզի իրավապահ մարմինները, խղճի խայթից կամ պարբերական ճնշումներից մղված, ստիպված չլինեն հրաժարվել ապօրինի պատվերները կատարելուց»,– ընդգծեց փաստաբանը։
Խուդոյանը պարզաբանեց, որ կարգապահական վարույթից հետո հնարավոր հետևանքը փաստաբանին նկատողություն անելն է, ծայրահեղ դեպքում` փաստաբանական գործունեության դադարեցումը։ Նա հավելեց` արտոնագրի դադարեցումը շատ կոպիտ խախտման դեպքում է լինում, օրինակ` վնասում է վստահորդին, փաստաբանական գաղտնիք է հրապարակում և այլն։
Sputnik Արմենիան փորձեց մեկնաբանություն ստանալ նաև Փաստաբանների պալատից։ Մեզ ասացին, որ կոռեկտ չէ այս պահին մեկնաբանելը. նախագահի որոշումը կհրապարակվի։