Աշխարհի առաջին քրիստոնյա երկիրը բախվել է հալածանքների ճգնաժամին, բրիտանական GreatBritain News պարբերականն իր հոդվածում այսպես է որակել «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի, հոգևորականների կալանավորման և Հայաստանում եկեղեցու շուրջ զարգացումները։
Հոդվածում ներկայացված են նաև Լորդ Ջեքսոնի խոսքերը, որը նոյեմբերի 12-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանում նախաձեռնել էր «Հայաստանի ավտորիտար շրջադարձը. Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու հալածանքները» թեմայով քննարկում։
«Աշխարհի ամենահին քրիստոնյա երկրում, ինչպես նաև քաղաքակիրթ և ժամանակակից Եվրոպայում հավատարիմ քրիստոնյաներին իրենց հավատը պաշտպանելու համար բանտարկելը սարսափելի երևույթ է։ Քրիստոնեական համայնքները Հայաստանում պետք է պահպանեն իրենց իրավունքը՝ խաղաղությամբ աղոթելու՝ առանց բռնի ահաբեկման, բանտարկության կամ ավելի վատ հետևանքների»,- պարբերականը մեջբերել է Ջեքսոնի խոսքերը։
Ջեքսոնը, պարբերականի փոխանցմամբ, նաև նշել է, որ «աշխարհը հետևում է մարդու իրավունքների խախտումներին, որոնք կատարվում են քրիստոնեական համայնքների նկատմամբ»։
Հոդվածում մեջբերված է նաև Amsterdam & Partners իրավաբանական ընկերության զեկույցը, որով «Հայաստանի Առաքելական եկեղեցու դեմ իրականացվող քայլերը և Կարապետյանի նկատմամբ գործն» անվանել են որպես «բռնապետական կառավարման դրսևորումներ»։
Հրապարակման մեջ նշվում է, որ ըստ զեկույցի հեղինակի՝ (Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամ-խմբ․) Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «մեղադրվում է բռնապետական պահվածքի» և եկեղեցու նկատմամբ «սանձարձակ հարձակում» սկսելու մեջ։
«Ազգային եկեղեցու բարձրաստիճան ներկայացուցիչներին և նրանց կողմնակիցներին՝ անհիմն, չարամիտ և քաղաքականապես ուղղորդված դատավարություններով քննադատությունը լռեցնելու փորձը ժողովրդականություն չվայելող և քաղաքականապես անպիտան ռեժիմի քայլ է, որը փորձում է ցանկացած գնով պահել իշխանությունը»,- զեկույցից մեջբերել են հոդվածում։
Հոդվածում նշվում է, որ «պարոն Փաշինյանը փորձել է հեռացնել եկեղեցու առաջնորդին՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին, և բանտարկել եկեղեցու առաջատար հոգևորականներին ու հավատացյալներին»։
Անդրադառնալով արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի դատավճռին՝ հրապարակման հեղինակները գրել են, որ նա «դատապարտվել է երկու տարվա ազատազրկման՝ կառավարությանը քննադատելու համար»։ Նշվում է նաև, որ «Կարապետյանը բանտարկվել է եկեղեցու պաշտպանության օգտին հանդես գալու համար», իսկ նրա բիզնես ակտիվները «բռնագրավվել են»։
Մայիսից Փաշինյանը պնդում է, որ Գարեգին 2-րդը զավակ ունի ու այդպիսով խախտել է կուսակրոնության ուխտը։ Փաշինյանն իր աջակցությունն էր հայտնել այն քահանաներին, ովքեր, իր խոսքով, վեր կհանեն եկեղեցու խնդիրները։
Հունիսին «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահին կալանավորել էին եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո: Դատարանն օգոստոսի 15-ին երկու ամսով երկարացրել էր նրա կալանքը։ Ավելի ուշ Վերաքննիչ դատարանը մերժել էր փաստաբանների բողոքը խափանման միջոցը փոխելու վերաբերյալ՝ գործարարի կալանքն ուժի մեջ թողնելով մինչև հոկտեմբեր: Դատարանը հոկտեմբերի 16-ին 30 օրով երկարաձգել էր գործարարի կալանքի ժամկետը: Նոյեմբերի 13-ին Վերաքննիչ դատարանն անփոփոխ էր թողել Հակակոռուպցիոն դատարանի որոշումը։
Այս ամիսներին հոգևորականներ էին կալանավորվել։ Նոյեմբերի 2-ին դատարանը 1 ամսով կալանավորել էր նաև կաթողիկոսի եղբորը և եղբորորդուն՝ Վաղարշապատի ընտրությունների «նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու և խուլիգանության» մեղադրանքով։
