Սիրիայի անցումային կառավարության զորքերի և քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերի» ջոկատների միջև բախումների հետևանքով հալեպահայերի տներից մի քանիսը վնասվել են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Սիրիայի խորհրդարանի նախկին պատգամավոր, Բերիո հայոց թեմի խոսնակ Մարիա Գաբրիելյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հալեպում իրավիճակը սրվել է, գնդակոծվում են քրդաբնակ Շեյխ Մաքսուդ և Աշրաֆիա շրջանները, բախումներ են սկսվել Սիրիայի անցումային կառավարության զորքերի և քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերի» ջոկատների միջև:
Գաբրիելյանի խոսքով` Հալեպում այս պահին իրավիճակը համեմատաբար հանդարտ է` համեմատած երեկ գիշեր տեղի ունեցածի բախումների հետ։ Ժամանակ առ ժամանակ կրակոցների ձայներ են լսվում։
«Քրդական շրջաններից տեղահանումները շարունակվում են։ Հայ համայնքը մարդկային կորուստներ չի ունեցել, բայց նյութական վնասներ է կրել»,– ասաց Գաբրիելյանը։
Նա նշեց, որ հայ համայնքը հայտարարություն է տարածել, որ պատրաստ է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ապաստան տալ այն հայ ընտանիքներին, որոնք իրենց տներում ապահով չեն զգում կամ իրենց տները մոտ են քրդական շրջաններին ։ Տրվել է նաև հեռախոսահամար, որով հայ համայնքի ներկայացուցիչները կարող են զանգահարել և օգնություն խնդրել։
«Այս պահին փողոցները գրեթե դատարկ են։ Բացի քրդական շրջաններից, այլ տեղերում տնից դուրս գալու արգելք չկա, բայց ժողովուրդը շատ զգուշավոր է»,–ասաց նա։
Հիշեցնենք` հունվարի 6–ին «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ) և Դամասկոսի կողմից վերահսկվող ուժերի միջև բախումներ են տեղի ունեցել, որոնց հետևանքով Հալեպում 4 մարդ է զոհվել, 26-ը` վիրավորվել:
