Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վարդգես Ստեփանյանի նախագահությամբ, քիչ անց կմեկնարկի գործարար, բարերար Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցի քննարկումը։ Նախաքննական մարմինը պահանջում է երկարացնել Կարապետյանի նկատմամբ կիրառվող տնային կալանքի ժամկետը։ Այս մասին դատարանի բակում են հավաքվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները, քաղաքացիները, հասարակական-քաղաքական գործիչները՝ իրենց աջակցությունը հայտնելու Կարապետյանին և պահանջելու նրա ազատ արձակումը։
Հիշեցնենք, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը կալանավորվել է 2025թ․ հունիսի 18-ին։ Նա նախ արգելանքի է վերցվել ի պաշտպանություն ՀԱՍԵ հայտարարության համար, ինչն իրավապահները դիտարկել են որպես իշխանության զավթման կոչ։ Ընդ որում, այդ ողջ գործընթացն, այդ թվում՝ Կարապետյանի տան խուզարկությունները, ձերբակալությունն, ուղեկցվել է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններով։ Հետագայում Կարապետյանի մեղադրանքը լրացվել է, ավելացվել է նաև տնտեսական բնույթի մեղադրանք՝ իբրև փողերի լվացման վերաբերյալ, որով, սակայն, դատարանը հաստատված չի համարել հիմնավոր կասկածը։ Այժմ իրավապահները որոշել են ևս մեկ դրվագ ավելացնել՝ փողերի լվացման վերաբերյալ։ Ամիսներ շարունակ կալանքի տակ գտնվելուց հետո Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ, դեկտեմբերի 30-ին որոշում էր կայացրել՝ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց տնային կալանքն ընտրելու վերաբերյալ։ Ընդ որում, դատախազությունն այդ որոշման դեմ բողոքը ներկայացրել է տարվա հենց առաջին աշխատանքային օրը՝ հունվարի 5-ին։
Վերաքննիչ դատարանն անփոփոխ էր թողել որոշումը։ Այդուհանդերձ, տնային կալանք խափանման միջոցը, որը երկրորդ ամենաինտենսիվ խափանման միջոցն է, բացի անձի ազատության սահմանափակումից՝ այս պահին սահմանափակում է նաև Կարապետյանի՝ քաղաքական գործընթացներին մասնակցությունից։ Անգամ միջազգային հեղինակավոր իրավապաշտպանական IODA կազմակերպությունն է փաստել, որ դժվար է պատկերացնել ազատ ընտրություններ, երբ քաղաքական ուժի ղեկավարն անազատության մեջ է։
«ՓաստԻնֆո»
