ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը ևս չի առաջադրվել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում ՔՊ համամասնական ցուցակում։ Այս մասին Արշակյանն ասաց ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ։
Դեռևս հոկտեմբերին լրատվամիջոցները գրել էին, որ նա մտադիր է վերադառնալ բարձր տեխնոլոգիաների ոլորտ, որտեղից էլ մտել է քաղաքականություն։
«Քաղաքականություն մուտք գործելուց հետո եղել եմ այն ժամանակվա տրանսպորտի և կապի նախարար, ապա բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։ Եղել եմ ՔՊ վարչության հիմնադիր անդամներից, տարիներ առաջ տեսել եմ, որ ՀՀ-ում ժողովրդավարությանը վտանգ է սպառնում, ներգրավվել եմ քաղաքական պրոցեսներում։ Այժմ տեսնում եմ, որ մենք «անդառնալի» կետում ենք այն առումով, որ ժողովրդավարությունը հաստատված է, մեր քաղաքական թիմն էլ լուրջ կազմով ներկայացված է ցուցակում։ Ուստի, այժմ ինձ ավելի էֆեկտիվ եմ համարում Հայաստանում բիզնեսի, տեխնոլոգիաների, ռազմարդյունաբերության զարգացման ոլորտում, ինչպես նաև ՀՀ–ի` մրցակցային առումով դերի բարձրացման համար»,– ասաց ԱԺ փոխնախագահը։
Վստահեցրեց՝ ինքը կուսակցությունից դուրս չի եկել և նման մտադրություն էլ չունի։
Ինչ վերաբերում է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին, ապա ըստ Արշակյանի՝ ՔՊ-ն ջախջախիչ հաղթանակ է տանելու, ինքն էլ կանգնած է լինելու դրա հետևում։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Խաչատուր Սուքիասյանը, Քրիստինե Պողոսյանը, Հրաչյա Հակոբյանը և Լենա Նազարյանը ևս չեն առաջադրվել ՔՊ համամասնական ցուցակում։
Sputnik Արմենիա
