Логотип

Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ․ ՀԱՊԿ-Ի ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱ Է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե ՀԱՊԿ-ի պատճառով Հայաստանին զենք չէին վաճառում, մանիպուլյացիա է։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հակոբ Բադալյանը։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի խաչմերուկում» խորագրով քննարկման ժամանակ հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցությունը լրջագույն խոչընդոտ էր միջազգային զենքի շուկային հասանելիություն ունենալու համար: Նշենք, որ սա կազմակերպության հասցեին ուղղված համեմատաբար նոր քննադատություն է, որի հետ Երևանը գործնականում խզել է կապերը՝ մեղադրելով ՀԱՊԿ–ին 2021 թվականի մայիսին և 2022 թվականի սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիային քաղաքական գնահատական չտալու մեջ։

Բադալյանի խոսքով՝ վարչապետին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար, քանի որ նախկին հիմնավորումը, թե ՀԱՊԿ–ը քաղաքական գնահատական չի տվել Ադրբեջանի գործողություններին, հերքվել է հենց Երևանի վարքագծի միջոցով։

«Ես ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանը դժգոհություն էր արտահայտում այն առնչությամբ, որ ՀԱՊԿ-ը Ջերմուկի ուղղությամբ երկօրյա մարտերից հետո կատարվածը ոչ թե Հայաստանի տարածքի օկուպացիա է գնահատել, այլ խոսել է այն մասին, որ խնդիրներ կան սահմանազատման և սահմանագծման հետ կապված, հետևաբար` սահմանային միջադեպ էր որակել տեղի ունեցածը։ Սակայն 2024 թվականից Երևանը սկսեց օգտագործել հետևյալ ձևակերպումը, որ այդ տարածքների հարցը կլուծվի սահմանազատման և սահմանագծման միջոցով։ Այլ կերպ ասած` Երևանն ուղղակիորեն կրկնում էր արդեն այն, ինչ ասել էր ՀԱՊԿ-ը 2022 թվականից, և այստեղ հարց է առաջանում, թե այդ դեպքում ի՞նչ հիմքով կամ ի՞նչ հիմնավորումով է Երևանը կայացրել ՀԱՊԿ-ի անդամությունը սառեցնելու որոշում»,–ասաց Բադալյանը։

Քաղաքագետի խոսքով` երրորդ երկրները Հայաստանին սպառազինություն են վաճառել նաև այն ժամանակ, երբ երկիրը եղել է ՀԱՊԿ ակտիվ անդամ, բայց սպառազինության ծավալները չեն եղել մեծ, որովհետև այլ երկրները պարզապես խուսափել են Արցախի հարցում որևէ հակադրության մեջ մտնել Ադրբեջանի հետ, Հայաստանի հանդեպ որևէ պատասխանատվություն ստանձնել սպառազինության մասշտաբային մատակարարումներով։ Բադալյանը վստահ է, որ սպառազինության մատակարարումների առումով պատկերը փոխվել է այն բանից հետո, երբ Արցախը ամբողջությամբ անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո։

Ուստի Փաշինյանի համար անհրաժեշտություն է առաջացել մեկ այլ «հիմնավորում» գտնել և նա գտել է` հայտարարելով, թե ՀԱՊԿ-ի պատճառով Հայաստանին զենք չէին վաճառում։

Sputnik Արմենիա