Логотип

Համակարգային ատելության արդյունք է. ՀՀ ԱԳՆ-ն հիշել է Մարաղայի կոտորածի զոհերին

Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ Ադրբեջանի հետ կայուն խաղաղության սկզբունքներին՝ զերծ մնալով ատելության հռետորաբանությունից։ Այս մասին ասված է ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է X սոցիալական ցանցում Մարաղայի կոտորածի 34-րդ տարելիցի կապակցությամբ։

Նախարարությունը հիշեցրել է, որ 34 տարի է անցել 1992 թվականի ապրիլի 10-ին հայկական Մարաղա գյուղում նախապես պլանավորված և դաժան կոտորածից։

Շեշտվում է, որ այդ վայրագությունները փաստագրված են եղել Human Rights Watch-ի և Amnesty International-ի նման իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներում։ Ընդգծվում է, որ նման ողբերգական հետևանքներ առաջանում են, երբ համակարգային ատելությունն ու տևական անպատժելիությունն անտեսվում են։

«1992 թվականի ապրիլի 10-ին Մարաղա գյուղի հայ խաղաղ բնակիչներն ամբողջական էթնիկ զտումների ենթարկվեցին. ավելի քան 50 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 30 կին, սպանվեց ադրբեջանական ուժերի կողմից, իսկ 5000 բնակիչ բռնի տեղահանվեց։ 29 կին և 9 երեխա պատանդ վերցվեցին, 19-ի ճակատագիրը դեռևս անհայտ է։ Զոհերի և անհետ կորածների հիշատակը հարգելը պահանջում է ոչ միայն հարգանքի տուրք մատուցել, այլև իրական հանձնառություն՝ կանխելու նման հանցագործությունների կրկնությունը», -նշված է ԱԳՆ-ի գրառման մեջ։

ԱԳ նախարարությունը նաև ընդգծել է, որ Մարաղայի ջարդերին հանգեցրած վարքագծի ձևերը՝ ազգամիջյան ատելությունը, անպատժելիությունը, պատերազմական հանցագործությունների հերոսացումը, հայկական մշակութային վայրերի ոչնչացումը և բռնի տեղահանումն ավելի վաղ արտահայտված են եղել 1988-1990 թվականներին Սումգայիթում, Կիրովաբադում և Բաքվում և այլուր տեղի ունեցած հայերի ջարդերի ժամանակ:

Sputnik Արմենիա