Логотип

Համակարգված լռություն. ինչո՞ւ նախարարների ու նրանց տեղակալների պարգևավճարների չափը չեն հայտնում

Վարչապետի ու 10 նախարարությունների աշխատակազմն ավելի քան 41 մլրդ 530 մլն դրամ պարգևավճար, դրամական խրախուսում է ստացել վերջին 5 տարվա ընթացքում: Այս տվյալներում ներառված չեն Պաշտպանության և Արտաքին գործերի նախարարությունների աշխատակիցների պարգևավճարները,, գրում է «Հետքը»։

ՊՆ-ն ընդհանրապես թվային տվյալ չի տրամադրել, իսկ ԱԳՆ-ն հարցմանը չի պատասխանել: Ոչ մի նախարարություն չի նշել, թե որքան պարգևավճար են ստացել նախարարներն ու նրանց տեղակալները: Խորհուրդ են տվել ուսումնասիրել հայտարարագրերը, իսկ 2025թ-ի պարգևավճարների վերաբերյալ տեղեկությունների համար սպասել մինչև մայիսի 31-ը, երբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հայտարարագիր ներկայացնեն:

Նախարարությունների նույնաբովանդակ պատասխանները թույլ են տալիս ենթադրել, որ դրանք համաձայնեցվել են կամ համակարգվել մեկ կենտրոնից՝ խուսափելու համար նախարարների ու նրանց տեղակալների պարգևավճարների վերաբերյալ տեղեկատվությունը բացահայտելուց: Հակառակ դեպքում, դժվար թե չգտնվեր մեկ նախարար, որը չցանկանար այդ տվյալը հայտնել լրատվամիջոցին: Օրինակ, Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ 2025թ. տարեվերջին մոտ 6-7 միլիոն դրամ (հարկերը հանած) հավելավճար է ստացել, սակայն Արդարադատության նախարարության գրավոր պատասխանում չեն նշել նախարարի պարգևավճարի կոնկրետ չափը: Հղում են կատարել հայտարարագրերին, որտեղ առանձին տող չկա պարգևավճարների մասին, այն ներկայացվում է աշխատավարձի հետ:

Պարգևավճարները և հավելավճարներն էապես ավելացել են 2023թ.-ից, երբ ստեղծվել է Ներքին գործերի նախարարությունը: Այս գերատեսչության պարգևավճարների ֆոնդն ամենամեծն է: Նախարարությունը չի հայտնել, թե քանի աշխատակից է պարգևավճար ստացել: Օրինակ, 2025թ. Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության 167 աշխատակից ընդհանուր ստացել է 265 մլն 975 հազար դրամ պարգևավճար, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 325 աշխատակից՝ մոտ 382 մլն 487 հազ. դրամ պարգևավճար: Ներքին գործերի նախարարության աշխատակիցները ստացել են մոտ 7 մլրդ 61 մլն դրամ պարգևավճար, սակայն աշխատակիցների թիվը հայտնի չէ:

Նախարարությունների և վարչապետի աշխատակազմի պարգևատրման բյուջեի մեծությունը հիմնականում պայմանավորված է աշխատակիցների թվով, սակայն, բացառություններ լինում են: Որքան մեծ է նախարարության աշխատակիցների թիվը, այնքան մեծ է պարգևատրման բյուջեի գումարը: 2025թ. 10 նախարարությունների և վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ընդհանուր բյուջեի կեսից ավելին՝ 67.95%-ը, բաժին է ընկնում ՆԳՆ-ին, այնուհետև Էկոնոմիկայի նախարարությանը՝ 5.91%: 2025թ. Էկոնոմիկայի նախարարության 351 աշխատակիցները միասին ստացել են 614 մլն 430 հազ. դրամ պարգևավճար, միջինը՝ մոտ 1 մլն 750 հազ. դրամ: Սա չի նշանակում, որ նախարարության բոլոր աշխատակիցներն այդ չափով են պարգևատրվել: Բարձր պաշտոն ունեցողների բարձր պարգևավճարների հաշվին է միջին ցուցանիշը մեծացել:

2025թ. պարգևավճարների ամենափոքր բյուջեն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն է. 206 աշխատողի պարգևավճարների ֆոնդը կազմել է մոտ 143 մլն 666 հազ. դրամ, միջինը՝ մոտ 697 հազ. 400 դրամ: Թեև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պարգևատրված աշխատակիցներն ավելի քիչ են՝ 130 հոգի, սակայն ՏԿԵՆ-ից ավելի շատ պարգևավճար է տրվել՝ մոտ 198 մլն 478 հազ. դրամ: Ֆինանսների նախարարության 384 աշխատակից է պարգևատրվել՝ ընդհանուր 357 մլն 406 հազ. դրամ: ԿԳՄՍ նախարարության պարգևավճարների բյուջեն Ֆինանսների նախարարությունից մեծ է, թեև պարգևատրվողների թիվն ավելի փոքր է՝ 325 հոգի և այլն:

Եթե դիտարկենք 2021-2025թթ. պարգևավճարների բյուջեն, ապա 62%-ը բաժին է ընկնում ՆԳՆ-ին՝ մոտ 25 մլրդ 764 մլն դրամ գումարով, հաջորդում է Էկոնոմիկայի նախարարությունը՝ 2 մլրդ 430 մլն դրամ կամ ընդհանուրի 6,57%-ը, այնուհետև վարչապետի աշխատակազմը՝ մոտ 2 մլրդ 454 մլն դրամ կամ 5,91% և այլն: 5 տարվա տվյալներով՝ պարգևավճարների ամենափոքր բյուջեն բաժին է ընկել Շրջակա միջավայրի նախարարությանը՝ 770 մլն 850 հազ դրամ կամ ընդհանուրի 1,86%-ը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

News.am