Логотип

Համաշխարհային Բանկի զեկույցում կան ոչ հիմնավոր պնդումներ. Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով

Համաշխարհային բանկը ս․թ․ նոյեմբերի 21-ին հրապարակել էր «Հայաստանի տնտեսական զարկերակ․ արդար շուկաներ՝ հանուն ներառական աճի» զեկույց, որում տեղ են գտել մի շարք անճշտություններ և ոչ հիմնավոր պնդումներ, որոնք չեն արտացոլում Հայաստանի Հանրապետությունում ապրանքային շուկաներում մրցակցային իրավիճակի վերաբերյալ ամբողջական պատկերը։

1․ Համեմատական վերլուծությունը կատարվել է անհամադրելի տվյալների հիման վրա։ Այսպես, զեկույցի հեղինակները դիտարկել են Հայաստանի Հանրապետությունում տնտեսության մի շարք ոլորտների կենտրոնացվածության մակարդակը, տնտեսավարող սուբյեկտների մասնաբաժինների կայունությունը 2018-2023 թվականների ցուցանիշներով, և համեմատել են այդ ցուցանիշները Վրաստանի, Մոլդովայի և Խորվաթիայի 2015-2019 թվականների ցուցանիշների հետ։ Արդյունքում՝ համեմատվող երկրների դեպքում, ի տարբերություն Հայաստանի, չեն դիտարկվել համաշխարհային տնտեսական զգալի շոկերը, ինչպես, օրինակ, կորոնավիրուսային համավարակն է։ Մինչդեռ համադրելի ժամանակահատվածների դիտարկման դեպքում թե՛ Հայաստանի, թե՛ համեմատվող երկների համարվերլուծության արդյունքները կարող էին բոլորովին այլ լինել։

2․ Իրականությանը չի համապատասխանում նաև զեկույցում տեղ գտած այն ենթադրությունը, թե 2023-2024 թվականների ընթացքում միջազգային գների անկման դրական միտումները սպառողներին չեն հասել առևտրային ցանցերի կենտրոնացվածության պատճառով։ Այդ ենթադրությունը հեղինակները ներկայացրել են երկու ապրանքների՝ հավի մսի և ալյուրի օրինակով։

Հավի մսի գների վերաբերյալ

– Սխալ եզրակացությունների պատճառներից մեկը կարող է լինել այն, որ հեղինակները որպես միջազգային գնի հիմք դիտարկել են սառեցված հավի մսի գինը, իսկ տեղական մեծածախ և մանրածախ գները հաշվարկել են թարմ հավի մսի համար։ Ըստ հեղինակների՝ 2023-2024 թթ. ընթացքում հավի մսի միջազգային գները անկում են ապրել միջինում 5 տոկոսով (արտադրական գները՝ 8.6 տոկոսով, իսկ մանրածախ վաճառքի գները՝ 4.2 տոկոսով), իսկ 2024 թվականի դեկտեմբերի գինը 2023 թվականի սկզբի նկատմամբ նվազել է 8.22 տոկոսով: Զեկույցում ներկայացված թվային տվյալների արժանահավատությունը պարզելու համար Հանձնաժողովն իրականացրել է նաև վերլուծություն, որից պարզվել է, որ թեև հավի միջազգային գինն անկում է ապրել մոտ 9 տոկոսով, Հայաստանի Հանրապետություն ներմուծվող հավի գինը նույն ժամանակահատվածում աճել է 6 տոկոսով, իսկ եթե համեմատենք 2024 թվականի դեկտեմբերը 2023 թվականի դեկտեմբերի հետ, ապա Հայաստան ներմուծվող սառեցված հավի գնի աճը կկազմի 10,8 տոկոս։ Այս իմաստով, պետք է արձանագրել, որ հեղինակների կողմից զեկույցում ներկայացված միջազգային գնի անկման պայմաններում նույն ժամանակահատվածում ՀՀ ներմուծվող հավի գինն աճել է։ Ինչ վերաբերում է տեղական մսի գներին, ապա Հանձնաժողովը պարզել է, որ ներմուծված սառեցված հավի գնի աճի պայմաններում թարմ տեղական մսի մեծածախ և մանրածախ գները կա՛մ չեն փոխվել, կա՛մ նվազել են։

Ալյուրի գների վերաբերյալ

– Ինչ վերաբերում է ալյուրի գներին, ապա այս մասով ոչ միայն չեն հաստատվում հեղինակների դիտարկումները, այլև պատկերը հակառակն է։ Ներմուծման գնի 18.8 տոկոսով աճի պայմաններումարտադրության և մանրածախ վաճառքի գները աճել են միջինում ընդամենը 6-7 տոկոսով: Ընդ որում, հեղինակները նաև հաշվի չեն առել, որ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ցորենը հիմնականում ներմուծվում է Ռուսաստանի Դաշնությունից, որի արդյունքում, հաշվի առնելով ԵԱՏՄ միասնական մաքսային տարածքի հանգամանքը, այն զգալիորեն ավելի էժան է, քան զեկույցում ներկայացված ցորենի գինը։ Արդյունքում զեկույցում ներկայացված տվյալներն ունեն այլ տենդենց և ավելի բարձր են, քան ՀՀ ներմուծվող ցորենի գինը։

Նույն հարցի շրջանակներում հեղինակները ներկայացնում են կարագի և երշիկեղենի 2023-2024 թվականների գների վերաբերյալ դիտարկումներ:

Կարագի գների վերաբերյալ

– Ըստ հեղինակների, երբ կարագի տեղական արտադրական գները անկում են ապրել 7.7 տոկոսով, մանրածախ գները նվազել են ընդամենը 1.1 տոկոսով: Այս մասով հիմնական խնդիրը կապված է նրա հետ, որ հեղինակները չեն դիտարկել միջազգային գները այն դեպքում, երբ ՀՀ-ում կարագի սպառման մեծամասնությունն ապահովվում է ներմուծված կարագի հաշվին։ Համաձայն միջազգային բորսայական տվյալների՝ 2023 թվականին 1 կգ կարագի տարեկան միջին գինը կազմել է շուրջ 2 044 դրամ, իսկ 2024 թվականին՝ աճել է դառնալով 2 850 դրամ (աճը կազմել է շուրջ 39 տոկոս)։ 2024 թվականի դեկտեմբերին սերուցքային կարագի ներմուծման գինը, ի համեմատ 2023 թվականի դեկտեմբերի, աճել է 32.8 տոկոսով: Այսպիսով, ՀՀ-ում կարագի սպառման մեծամասնությունը ն ներմուծված կարագի հաշվին ապահովման պարագայում հեղինակների կողմից ներկայացված տվյալները չեն կորելացվում իրականում շուկայում գնագոյացման հետ։

Երշիկեղենի գների վերաբերյալ

– Ինչ վերաբերում է երշիկեղենին, ապա ըստ հեղինակների, երբ տեղական արտադրական գներն անկում են ապրել 2 տոկոսով, մանրածախ գներն իջել են 1.4 տոկոսով: Առաջին հերթին խնդրահարույց է հեղինակների կողմից երշիկեղենի ապրանքախմբի մեջ ներառվող ապրանքների մասով հստակ ներկայացված տվյալների բացակայությունը։ Արդյունքում պարզ չէ, թե մանրածախ և մեծածախ գների մեջ ներառված են միայն տեղական արտադրության երշիկները, թե խոսքը գնում է նաև ներմուծված ապրանքների մասին։ Հաշվի առնելով, որ երշիկեղենի իրացման շուկան հանդիսանում է մրցակցային և ոչ միատարր շուկա, այս դեպքում ամեն առանձին ապրանքատեսակի մասով գների փոփոխության պատճառները կարող են լինել տարբեր, ինչի հաշվառմամբ հնարավոր չէ այսպիսի շուկայի պայմաններում տարբեր ապրանքախմբերի մեծաքանակ համախմբման միջին գների դիտարկմամբ գալ շուկայում մրցակցային պայմանների մասին եզրահանգման։

3․ Հետազոտությամբ արձանագրվում է, որ Հանձնաժողովի կողմից համակենտրոնացումների հայտարարագրման համար սահմանված ցուցանիշները ցածր են, չնայած որ հետազոտությունը չի պարունակում որևէ համեմատական վերլուծություն կամ միջազգային փորձի ուսումնասիրություն, նույնիսկ նշված չէ, թե ինչն է որպես ելակետային տվյալ հիմք ընդունվել այդ համեմատության համար։ Մինչդեռ Համակենտրոնացման հայտարարագրման շեմերը պարբերաբար վերանայվում են Հանձնաժողովի կողմից տնտեսական գործոնների, իրավակիրառ պրակտիկայի և միջազգային լավագույն փորձի հաշվառմամբ։ Այսպես, հայտարարագրման շեմերը բարձրացվել են 2021 թվականի օրենսդրական փոփոխությունների արդյունքում, 2025 թվականին տեղի ունեցած օրենսդրական փոփոխությունների արդյունքում համակենտրոնացումների հայտարարագրման պահանջն ընդհանրապես վերացվել է մի շարք գործարքների մասով։

Հատկանշական է նաև, որ դեռևս 2023 թվականին Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (OECD) բավարարել է Հայաստանի Հանրապետության դիմումը Համակենտրոնացումների գնահատման ուղենիշներին միանալու վերաբերյալ, ինչով հաստատել է, որ համակենտրոնացումներին առնչվող ՀՀ համապատասխան օրենսդրական կարգավորումները, կիրակումն ու քաղաքականությունը համապատասխանում են OECD-ի սահմանած միջազգային բարձր ուղենիշներին:

4․ Հեղինակները ենթադրում են, որ Հայաստանում փոքր տնտեսավարող սուբյեկտների համար իրենց իրացման ծավալներն ավելացնելու հարցում հնարավոր ռիսկ կարող է լինել այն, որ Հանձնաժողովը նրանց կհամարի գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ։ Այս ենթադրությունն ամբողջապես անհիմն է՝ հաշվի առնելով, որ աշխարհի գրեթե բոլոր երկրներում առկա են նույնանման չափանիշներ, և անտրամաբանական է դիտարկել, որ որևէ ընկերություն իր սեփական ձեռնարկատիրական գործունեության ընդլայնման և բիզնեսի զարգացման հարցում քննարկման առարկա կդարձնի գերիշխող դիրք ձեռք բերելու հարցը, հատկապես այն դեպքում, երբ գերիշխող դիրք ունենալն արգելված չէ, այլ միայն այդ դիրքի չարաշահումն է համարվում իրավախախտում։

Ինչ վերաբերում է գերիշխող դիրքի առկայության գնահատման կարգավորումների հստակությանը, ապա կարևոր է ընգծել, որ Հանձնաժողովը ԵՄ գործընկերների հետ համատեղ 2021-2022 թվականներին մշակել, ընդունել և հրապարակել է թե՛ գերիշխող դիրքի որոշման (https://www.arlis.am/hy/acts/210849/latest), թե՛ ապրանքային շուկայի որոշման կարգերն ու մեթոդաբանությունը, որոնք նույնպես հրապարակային են (https://www.arlis.am/hy/acts/210845/latest) (https://competition.am/wp-content/uploads/2023/02/58-%D4%B1-%D5%B8%D6%80%D5%B8%D5%B7%D5%B8%D6%82%D5%B4.pdf): Հարկ է ընդգծել, որ 2024 թվականին ՏՀԶԿ-ն (OECD) Հանձնաժողովի հայտի հիման վրա ուսումնասիրել և հաստատել է Հայաստանի Հանրապետությունում օրենսդրության և դրա իրավակիրարկման համապատասխանությունը Մրցակցության օրենսդրության կիրարկման թափանցիկության և արդար ընթացակարգի բարձր ուղենիշներին։

Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները, ինչպես նաև Համաշխարհային Բանկի հետ տարիների ընթացքում ձևավորված սերտ համագործակցությունը՝ հարկ ենք համարում ընդգծել, որ Հանձնաժողովը պատրաստակամ է ցանկացած ձևաչափով աջակցել իրականությանը համապատասխանող, արժանահավատ տվյալների հիման վրա զեկույցում տեղ գտած անճշտությունների շտկման աշխատանքներին։

News.am