Логотип

ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ԵՐԵՄՅԱՆ՝ ՏԵՍՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՈՒՐԿ, ԲԱՅՑ ԽՈՐԱԹԱՓԱՆՑ ՀՈԳԻ ՈՒՆԵՑՈՂ ՈՒՍՈՒՑԻՉ

Ականավոր հայ մանկավարժ, պատմաբան և հասարակական գործիչ Համբարձում Երամյանի մասին (XIX-XX դդ․) հայալեզու Վիքիպեդիայում կարելի է գտնել ընդամենը հինգ նախադասություն, որոնք պարունակում են համառոտ տեղեկություն նրա կենսագրության հիմնական փաստերի վերաբերյալ։ Ռուսալեզու «Հայազգ» հիմնադրամի ինտերնետային հանրագիտարանում լեգենդար լուսավորչի մասին, ինչպես հաճախ անվանում էին Երամյանին, առկա է նույնքան բովանդակային տվյալ:

ԱՅԼ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔԵՐԻՑ ՆՈՒՅՆՊԵՍ ԴԺՎԱՐ Է «ՊԵՂԵԼ» ՈՐԵՎԷ ԾԱՎԱԼՈՒՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ հայազգի մեծերից այս մեկի մասին, չնայած այն փաստի, որ Համբարձում Երամյանի ներդրումը հայ լուսավորչական մտքի զարգացման գործում ոչ միայն հսկայական է, այլև արժանի է մեծարման։ Այս բացը լրացնելու կարևորությունը գիտակցեցին Հայկական ճարտարապետության ուսումնասիրության հիմնադրամի (ՀՃՈՒՀ) մասնագետները, որոնց մոտ միտք ծագեց հրատարակել գիրք Համբարձում Երամյանի արտասովոր կյանքի և հսկայական գործունեության մասին, և այն կյանքի կոչվեց։ Գիրքը, որը լույս է սփռում Երամյանի միսիոներական կյանքի վրա, վերջերս ընթերցողի սեղանին դրվեց: Շնորհանդեսը տեղի ունեցավ ՀՃՈՒՀ-ի՝ Արմեն Հախնազարյանի անվան դահլիճում։ Գրքի հեղինակն է անվանի հուշարձանագետ Սամվել Կարապետյանը, որը տարիներ առաջ սկսեց աշխատել այդ նյութի վրա, սակայն չհասցրեց հրատարակել այն։ Նրա մահից հետո ՀՃՈՒՀ-ի անդամները շարունակեցին իրենց ընկերոջ գործը և ավարտի հասցրեցին նախաձեռնությունը։

Գրքի նախահրատարակչական աշխանաքները կատարվել են «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի և ՀՃՈՒ-ԱՄՆ-ի աջակցությամբ, այն տպագրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հովանավորությամբ անցյալ տարի, սակայն շնորհանդեսը հնարավոր եղավ կազմակերել 2025 թվ․ հոկտեմբերին: Միջոցառմանը ներկա էին ՀՃՈՒՀ-ի ղեկավարներն ու մասնագետները, գիտության, մշակույթի, կրթության գործիչները, հրավիրյալ հյուրերը։

«Համբարձում Երամյանն այն ուսուցիչներից չէր, որոնք միայն կրթում են երիտասարդ սերնդին և փոխանցում գիտելիքներ։ Նա դարձավ Վանի (Արևմտյան Հայաստան) նշանավոր Երամյան վարժարանի հիմնադիրն ու իրավամբ համարվում էր մեծ պրոֆեսոր, – շնորհանդեսի բացման ժամանակ ասաց ՀՃՈՒՀ-ի փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանը։ – Գրքի հեղինակ Սամվել Կարապետյանը երկար տարիներ փնտրել և հավաքել է նյութեր Երամյանի մասին, այցելելով տարբեր գրադարաններ ու արխիվներ, օգտվելով նաև մասնագետների մոտ եղած նյութերից։ Նրա ցանկությունն էր ամփոփել ամենը մեկ գրքում, որպեսզի այս մեծագույն հայն ավելի լայն ճանաչում ստանա թե արտերկրում, թե Հայաստանում, ուր նրա մասին գիտեն նեղ մասնագիտական շրջաններում»։

ՀՃՈՒ հիմնադրամի՝ Արմեն Հախնազարյանի անվան դահլիճում տեղի է ունեցել Երամյանի միսիոներական գործունեության մասին գրքի շնորհանդես

Համբարձում Երամյանը ծնվել է Վանի Այգեստան թաղամասում 1857 թվ․ մայիսի 5-ին՝ ճիշտ այն օրը, երբ ծնվել է ՀՃՈՒՀ-ի հիմնադիր Արմեն Հախնազարյանը։ 1862-1863 թվ․ նա հաճախել է Սուրբ Հակոբ թաղամասի «Ղուկասյան» դպրոցը, ապա ևս հինգ տարի՝ «Հանգույցներ» թաղամասի վարժարանը։ Պատանի Համբարձումը 11 տարեկան էր, երբ ծաղիկ հիվանդությունից լիովին կուրացավ, ինչը ստիպեց հորը տղայի ապագայի համար հարմար զբաղմունք փնտրել։

«Համբարձումի հայրը մի գուսան վարձեց և ուղարկեց որդուն իր մոտ սովորելու։ Նա կարծում էր, որ կույր տղան այլ ելք չի ունենա, քան ժողովրդական գործիք նվագելն ու երգելը՝ ապրուստ վաստակելու համար։ Սակայն Համբարձումի դպրոցի ուսուցիչ Տիգրան Ամիրջանյանը, նկատելով ուսման նկատմամբ տղայի տաղանդը, համոզեց հորը չզրկել նրան կրթությունից։ Ավելին, իմաստուն ուսուցիչը ստանձնեց տղային դպրոց ուղեկցելու ու դպրոցից տուն բերելու պարտականությունը, – ներկայացրեց Րաֆֆի Քորթոշյանը։ – Տիգրան Ամիրջանյանը նաև խնդրեց դասարանի մյուս աշակերտներին, որ բարձրաձայն կարդան դպրոցական գրքերը, որպեսզի Համբարձումը կարողանա լսելով սովորել։ Իր հուշերում Համբարձում Երամյանը գրում է, որ դասերից հետո դպրոցի ընկերներին հաճախ հրավիրում էր իրենց տուն։ Ինչպես նա է գրում՝ «մեր պարտեզի պտուղներն առատորեն կտրամադրեի ընկերներուս, որպեսզի կարդան ինձ»։ Այդպես պտուղների շնորհիվ բազմաթիվ գրքեր ընթերցեցին թե ընկերները, թե Համբարձումը՝ լսելով»։

1873 Թ ՆԱ ԸՆԴՈՒՆՎԵՑ ՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՄԵՋ ԹԱՂԱՄԱՍԻ «ՀԻՍՈՒՍՅԱՆ» վարժարան և ավարտեց այն լավագույն երկու աշակերտներից մեկը լինելով։ Նույն դպրոցում կրկին Տիգրան Ամիրջանյանը նրան ուսուցչի օգնական նշանակեց։ Համբարձում Երամյանը ոչ միայն սկսեց դասավանդել, այլև ընդլայնեց իր հասարակական գործունեությունը, հիմնելով մի շարք կազմակերպություններ, որոնք հիմնականում ուղղված էին դպրոցներին աջակցելու նատակին։ Ինը տարի անց նա ամբողջությամբ նվիրվեց ուսուցչությանը և հիմնադրեց Երամյան վարժարանը։

«Սկզբում վարժարանը գտնվում էր վարձակալված սենյակներում, սակայն այն այնքան է զարգանում ու հաջողում, որ նրա համբավը շուտով տարածվում է։ Ավելանում է աշակերտների թիվը, վարժարանն էլ արժանանում է նշանավոր հայերի ուշադրությանը, որոնց հանգանակությունների շնորհիվ Երամյանը կառուցում է առանձին շենք դպրոցի համար, – շարունակեց Րաֆֆի Քորթոշյանը: – Կրթական հաստատությունը շարունակեց իր գործունեությունը մինչև 1915 թվականը: Այն ուներ գրադարան, որը պարունակում էր 3000 գիրք, որոնց մեծ մասը Համբարձում Երամյանը արդեն «կարդացել» էր: Այստեղ դասավանդվում էր 15 առարկա, այդ թվում մի քանի լեզուներ՝ հայերեն, ֆրանսերեն, ռուսերեն, թուրքերեն, ինչպես նաև հայոց պատմություն, աշխարհագրություն, բնական գիտություններ և այլն: Ինքը՝ Երամյանը դասավանդում էր այդ առարկաներից տասը: 33 տարվա ընթացքում դպրոցն ավելի քան 3000 շրջանավարտ է ունեցել: Երամյան վարժարանում գործում էր նաև երկամյա բարձրագույն կրթության դասընթաց, որի շրջանավարտները հնարավորություն ունեին ընդունվելու եվրոպական համալսարաններ»:

1914 թվ․ աշնանը Համբարձում Երամյանը մեկնեց Եգիպտոս՝ հանգանակություններ անելու նպատակով, նաև իր դպրոցի համար։ Սակայն 1915 թվ․ իրադարձությունների և Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության պատճառով նա այլևս չկարողացավ վերադառնալ հայրենի Վան և շարունակեց դասավանդել Եգիպտոսի տարբեր դպրոցներում։ Համբարձում Երամյանը մահացավ 1929 թվ․ Ալեքսանդրիայում։

Իր ծավալուն գործունեության տարիների ընթացքում նա հեղինակել է ավելի քան 50 հոդված տարբեր թեմաներով, բայց նրա հիմնական աշխատությունը երկհատոր «Հուշարձան Վան-Վասպուրականի» գիրքն էր, որտեղ նկարագրել է Վասպուրականի հայոց պատմությունը, այնտեղի հայերի զբաղմունքները, ցույց տվել հայ ազգաբնակչության փոփոխության շարժը, վասպուրականցիների մասնակցությունը թուրքական բռնապետության դեմ ազգային-ազատագրական պայքարին, լուսաբանել 1915 թվ․ Ցեղասպանության հետ կապված իրադարձությունները։

«Այս աշխատությունը շատ կարևոր էր Համբարձում Երամյանի համար։ Գիրքն արդեն հրատարակվել էր ու մի քանի օր անց ականատեսները տեսել են, որ Երամյանն իր ձեռքի տակ բռնելով բաժանում էր ընթերցողներին այդ հատորները: Մի քանի օր հետո նա մահացավ», – նշեց Ռաֆիի Քորթոշյանը։ Նա հավելեց, որ այս լեգենդար մանկավարժի և հասարակական գործչի 160-ամյակի առթիվ, որը նշվեց 2017 թվ․, Հայկական ճարտարապետության ուսումնասիրության հիմնադրամը միջոցառում էր կազմակերպել։ Այն ժամանակ ելույթ ունեցավ Սամվել Կարապետյանը, ով արդեն մտածում էր Երամյանի մասին գիրք հրատարակել։

«Նայի՜ր, երկար նայի՜ր այս դիմանկարին․ նրա մեղմ, հազիվ նշմարելի ժպիտը թերևս չի կրում հանապազօր մաքառումներով անցկացրած տառապալից կյանքի դրոշմը և չի մատնում հայրենաբաղձ հայի մշտագիշեր աչաց լույսի դավանանքը, սակայն նա մեկն է հայ ազգի ծոցից ելած այն հզոր անհատականություններից, որոնց գոյությունը մեր պատիվն է, իսկ կտակը՝ երազանքը․․․»

Սամվել Կարապետյանի՝ Համբարձում Երամյանի մասին այս խոսքերը դարձան տեսողությունից զուրկ, բայց խորաթափանց հոգի ունեցող ուսուցչի մասին գրքի համար դիպուկ լեյթմոտիվ։