ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի՝ Հայաստան և Ադրբեջան այցի շրջանակում հնարավոր է մոդուլային ատոմակայանի ստեղծման մասին փաստաթուղթ ստորագրվի, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իշխանական աղբյուրներին:
Ըստ թերթի՝ որոշումը քաղաքական է լինելու, քանի որ նման հայտ ներկայացրել է նաև Ռուսաստանը։ Այսպիսով՝ Արևմուտքն ու ԱՄՆ-ն ՌԴ-ին տարածաշրջանից դուրս մղելու իրենց ծրագրի մաս են համարում Մեծամորի ատոմակայանի փակումը և մոդուլային ատոմակայանների կառուցումը, նշել է թերթը։
2025 թվականի դեկտեմբերին ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել էր, որ հայ գործընկերներին է փոխանցվել «Ռոսատոմ» պետական կորպորացիայի կողմից մանրակրկիտ մշակված և շատ նպաստավոր առաջարկների փաթեթ, որը պատրաստ է շուտափույթ իրականացնել նախագիծը։
Վերջինս ավելի վաղ՝ այս տարվա մայիսին, հայտարարել էր, որ ռուսական կողմը պատրաստ է Հայաստանին առաջարկել ատոմային էներգաբլոկների լայն տեսականի՝ սկսած փոքր հզորության մոդուլային բլոկներից մինչև խոշոր ռեակտորներ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերին Մոսկվայում՝ «Համաշխարհային ատոմային շաբաթ» ֆորումին, հայտարարել էր, որ ՀԱԷԿ-ի անվտանգ շահագործումը ՀՀ իշխանությունների համար ռազմավարական առաջնահերթություն է։
Ավելի ուշ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար։
Armenia Today
