Логотип

Հայաստանը նոր աջակցություն կստանա Խաղաղության եվրոպական հիմնադրամից․ Հունգարիան հանել է վետոն

Հունգարիան հանել է իր վետոն Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակներում Հայաստանին 20 միլիոն եվրո հատկացնելու որոշման վրայից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին X-ի իր միկրոբլոգում նշել է «Ազատություն» ռադիոկայանի եվրոպական խմբագիր Ռիկարդ Յոզվիակը՝ հավելելով, որ Խաղաղության եվրոպական հիմնադրամից Ուկրաինային աջակցություն տրամադրելու որոշումն մոտ երեք տարի է, ինչ արգելափակված է Հունգարիայի կողմից։

«Այս շաբաթ Հունգարիան վերջապես հանեց իր վետոն մարտ ամսին առաջարկված 20 միլիոն եվրոյի ռազմական օգնության փաթեթի (Եվրոպական խաղաղության հիմնադրամ) վրայից, որը նախատեսված է Հայաստանի համար»,-նշել է նա։

Յոզվիակը մանրամասնել է, որ որոշումը կվերջնականացվի 2026 թվականի հունվարին։

Նշենք, որ նախօրեին Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտնել էր, որ Եվրոպական միության անդամ բոլոր երկրների կողմից կա քաղաքական համաձայնություն Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցներից Հայաստանին աջակցություն տրամադրելու վերաբերյալ։

Հայաստանը 2024 թվականի հուլիսին Խաղաղության եվրոպական հիմնադրամից մեկ անգամ 10 միլիոն եվրո էր ստացել՝ դաշտային մոդուլային ճամբար ստեղծելու համար, որը ներառում էր նաև մեկ բժշկական օգնության ամբուլատորիա, ինչպես նաև համապատասխան ծառայություններ ու կարողություններ։

2025 թվականի մարտին հայտնի էր դարձել, որ Հայաստանը Խաղաղության եվրոպական հիմնադրամից աջակցություն ստանալու երկրորդ հայտն է ներկայացրել։ Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Եվրամիության ԱԳ նախարարների խորհրդի նիստի ժամանակ Հունգարիան արգելափակել է Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամից 20 միլիոն եվրո տրամադրելու որոշումը, իսկ ավելի ուշ Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հաստատել էր, որ Հունգարիան արգելափակել է այդ որոշումը, սակայն շեշտել էր, թե Հունգարիան դեմ չէ, որպեսզի Հայաստանն աջակցություն ստանա Խաղաղության եվրոպական հիմնադրամից, բայց նույնչափ աջակցություն էլ, ըստ Սիյարտոյի, պետք է ստանա Ադրբեջանը։ Սիյարտոն շեշտել էր, որ Եվրամիությունը պետք է հաշվի առնի իրավիճակի անկայունությունը, ինչպես նաև այն, որ Հայաստանն ու Ադրբեջանը մոտեցել են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։