Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 19–ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև չհաստատված վարկային գիծ տրամադրելու մասին թիվ CAM 1029 շրջանակային համաձայնագրին»։
Այս համաձայնագիրը ստորագրվել է 2025–ի դեկտեմբերին։
Հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ–ում ջրային և ոռոգման ենթակառուցվածքների զգալի մաշվածությունը, ջրի կորուստների բարձր մակարդակը, ինչպես նաև կլիմայական փոփոխություններով պայմանավորված ռիսկերի աճը լուրջ մարտահրավերներ են ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման և գյուղատնտեսության կայուն զարգացման համար։
Ծրագիրն առաջարկում է համալիր և փուլային լուծում։
Այն ունի ազգային մակարդակում իրականացվող ջրային ենթակառուցվածքների ներդրումային բաղադրիչ, որը համաֆինանսավորելու է Համաշխարհային բանկի «Ջրային և ոռոգման ծառայությունների բարելավում» (WISE) ծրագիրը։
ՀՀ Սյունիքի մարզում՝ տեղական մակարդակում իրականացվող բաղադրիչ՝ ուղղված ոռոգման համակարգերի վերականգնմանը, ջրային ռեսուրսների կառավարման բարելավմանը և կայուն ու ընդգրկուն գյուղատնտեսության զարգացմանը:
Նախատեսվում է իրականացնել Սիսիան, Գորիս և Մեղրի համայնքների ոռոգման համակարգերի վերականգնում և արդիականացում։
Ծրագիրը հիմնվելու է չորս հիմնական բաղադրիչների վրա՝
ներդրումներ ջրային ենթակառուցվածքների արդիականացման և վերականգնման ու ոռոգման ոլորտում,
ներդրումներ ավելի զարգացած գյուղատնտեսություն ունենալու համար,
ներդրումներ ագրոբիզնեսի բնագավառում, ներառյալ` ագրոզբոսաշրջությունը, որի նպատակն է ավելի մեծ արժեք հաղորդել արտադրանքին, որը կայուն գյուղատնտեսության նախապայման է,
կանաչ և խելացի գյուղատնտեսության աճի զարգացման համար առաջադեմ ֆինանսական մեխանիզմների մշակում` առանցքային ուշադրություն դարձնելով թվայնացմանը։
ԶՖԳ-ի ֆինանսավորումը կազմված է առավելագույնը 100 միլիոն եվրո բազմատրանշ վարկային գծից՝ երեք տրանշով,
ՀՀ Սյունիքի մարզի ֆինանսավորման վարկը՝ 30 մլն եվրո,
Ջրային և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագրի (WISE) ֆինանսավորման վարկի առաջին մասնաբաժինը՝ առավելագույնը 30 մլն եվրո,
Ջրային և ոռոգման ծառայությունների բարելավման ծրագրի (WISE) ֆինանսավորման վարկի երկրորդ մասնաբաժինը՝ առավելագույնը 40 մլն եվրո:
WISE ծրագրի համաֆինանսավորողը Համաշխարհային բանկն է:
Տեխնիկական աջակցություն տրամադրելու նպատակով ԵՄ կողմից նախատեսվում է նաև 12.456 մլն եվրո դրամաշնորհ:
Համաձայնագրի գործողության ժամկետը՝ ուժի մեջ մտնելու ամսաթվից մինչև Համաձայնագրի ստորագրման ամսաթվի երեք տարին լրանալը:
Հարկ է նշել, որ Համաձայնագրի շրջանակներում ՀՀ 2026թ. պետական բյուջեով նախատեսված է 193.6 մլն ՀՀ դրամ, որից՝ 161.3 մլն ՀՀ դրամը վարկային միջոցներ, 32.3 մլն դրամը՝ ՀՀ կառավարության համաֆինանսավորման միջոցներ:
News.am
