Եթե Հայաստանը կառուցում է տեխնոլոգիապես ժամանակակից տնտեսություն, ապա երկրին անխուսափելիորեն անհրաժեշտ է ունենալ ատոմային մեծ կայան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց էներգետիկ անվտանգության փորձագետ Արթուր Ավետիսյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանի մյուս միջուկային ռեակտորը փոքր մոդուլային է լինելու։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 16–ին հայտարարեց, որ Ռուսաստանն առաջիկա 15 տարում նախատեսում է ավելի քան 29 գիգավատտ հզորությամբ ատոմային էլեկտրակայաններ ներդնել, այդ թվում՝ փոքր ԱԷԿ-ներ:
«Երբ նայում ես պատմական ընթացքը, ապա այն պետություններն են պատմականորեն հաջողակ եղել, որոնք ունեցել են տեխնոլոգիապես զարգացած տնտեսություն, հետևաբար նաև մեծ ատոմակայաններ»,– ընդգծեց փորձագետը։
Մեծ ատոմակայանների կառուցման հարցում, ըստ նրա, միակ հիմնավոր մասնագիտացված, առաջատար երկիրը Ռուսաստանն է, որի փորձն այս բնագավառում օբյեկտիվորեն ավելի մեծ է։ Փոքր մոդուլային կայանների մասով առաջատար են Ռուսաստանն ու Չինաստանը։
«Ռուսաստանում լողացող փոքր միջուկային կայան կա, որն արդեն մի քանի տարի աշխատում է։ Չինաստանն ունի մեկ փոքր մոդուլային կայան, որը տեղակայված է ցամաքում։ Այս երկրներն այդպիսի էլի փորձարարական նախագծեր ունեն, որոնք լիցենզավորված, փորձարկված են և գործարկման մեջ են»,– նշեց Ավետիսյանը։
Թե արդյունքում ՀՀ իշխանությունը որ երկրի հետ կգա վերջնական համաձայնության` Ռուսաստանի, Չինաստանի, թե ԱՄՆ–ի հետ, փորձագետի համար երկրորդական հարց է. կարևորը` ՀՀ–ն ճիշտ որոշում կայացնի` ելնելով տնտեսության իր կառուցվածքից, ոչ թե քաղաքական այս կամ այն շահերից։
Անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը` Ավետիսյանը հիշեցրեց` կան շատ պետություններ, որոնց հասանելի չէ ատոմային էներգետիկան, սակայն հետաքրքրված են միջուկային ռեակտորների տեղակայմամբ, նրանց դեպքում այդ փոքր, մոդուլային ատոմակայանները լավագույն լուծումն են։
«Յուրաքանչյուր որոշում, որ կկայացվի մեր պետության կողմից, չպետք է հանկարծ բերի նրան, որ Հայաստանը կանգնի ատոմային էներգետիկայի կորստի վտանգի կամ անգամ որոշակի ժամկետով ընդհատման առջև։ Մենք այլևս ժամանակ չունենք և պետք է օր առաջ որոշում կայացնենք նոր ատոմակայան ունենալու հարցում, քանի որ ժամանակի ձգձգումը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել»,– ընդգծեց էներգետիկ փորձագետը։
Ավետիսյանն ինքը ավանդական, փորձված, մեծ կայանների կողմնակից է և որոշակի վերապահումներ ունի մոդուլային կայանների հարցում, քանի որ դրանք մեծ փորձաշրջան չեն անցել։