Логотип

Հայաստանի ատոմակայանում տուրբոագրեգատների նորոգումը ժամկետից շուտ է ավարտվել

Հայաստանի ատոմային էլեկտրակայանում տուրբոագրեգատների պլանային միջին նորոգումն ավարտվել է ժամկետից շուտ։ Լուրը հրապարակվել է ԱԷԿ–ի կայքում։

ՀԱԷԿ–ից նշում են, որ նոյեմբերի 23–30–ը էլեկտրակայանում նախատեսված էր անցկացնել տուրբոագրեգատների պլանային միջին նորոգում, որն իրականացվել է տուրբոագրեգատների հաջորդական անջատմամբ։

Նորոգման շրջանակում նախատեսվել էր բլոկի բեռնաթափում մինչև 215 ՄՎտ էլեկտրական հզորություն։

«ՀԱԷԿ–ի անձնակազմը նորոգման աշխատանքները իրականացրեց բարեխիղճ կերպով և բարձր արդյունավետությամբ, ինչի շնորհիվ հնարավոր դարձավ դրանք ավարտել նախանշված ժամկետից շուրջ 3 օր շուտ»,– տեղեկացնում են ատոմակայանից։

Ժամը 17:40–ի դրությամբ կայանում բլոկի հզորությունը լիովին վերականգնվել է։

ՀԱԷԿ–ից նշում են, որ այս պահին բլոկը գործում է 100% ջերմային հզորությամբ՝ 440 ՄՎտ` ապահովելով կայուն և անխափան արտադրություն։

Sputnik Արմենիա