Ժնևում գործող Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ դեսպանությունը կտեղափոխվի մայրաքաղաք Բեռն, իսկ Ժնևի ՄԱԿ–ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցչության նստավայրը կմնա Ժնևում: Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Որոշման մեջ նշվում է, որ ՀՀ դեսպանությունը Բեռն տեղափոխելու հետ կապված ծախսերը տարեկան հաշվարկվել են ընդամենը 344.8 հազար շվեյցարական ֆրանկին համարժեք դրամ: Առաջին տարվա համար ընթացիկ ծախսերից բացի լրացուցիչ կպահանջվի ևս 62.8 հազար շվեյցարական ֆրանկին համարժեք դրամ՝ կահույքի, տեխնիկայի ձեռքբերման, դեպոզիտի և միջնորդավճարի համար:
Այդ իսկ պատճառով ՀՀ արտաքին գործերի նախարարությունը 2026 թվականի պետական բյուջեով օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության իրականացման ծախսերը կավելացնի 407.5 հազար շվեյցարական ֆրանկին համարժեք դրամով, իսկ հաջորդող տարիներին՝ 304.8 հազար շվեյցարական ֆրանկին համարժեք դրամ:
«Հաշվի առնելով մայրաքաղաք Բեռնի և Ժնևի միջև հեռավորությունը` անհրաժեշտություն է առաջացել Ժնևում գործող ՀՀ դեսպանությունը տեղափոխել Բեռն, որն առավել կդյուրացնի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ պարբերական շփումը, հնարավորություն կտա առավել արդյունավետ կերպով ապահովել վերջիններիս հետ կապը և խթանել երկկողմ համագործակցության զարգացմանը և քաղաքական երկխոսության ակտիվացմանը»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:
Շվեյցարիայի հետ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ հաստատել է 1992 թ. ապրիլի 30–ից, 2002 թվականից ի վեր Ժնևում արդեն սկսել է գործել ՀՀ դեսպանությունը և ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցչությունը: Ի դեպ, Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչը համատեղության կարգով հավատարմագրված է որպես Շվեյցարիայում ՀՀ դեսպան:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է նաև, որ Շվեյցարիայում հավատարմագրված շուրջ 100 դեսպանություններ՝ այդ թվում Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի, Վրաստանի, ևս գտնվում են Բեռնում:
Sputnik Արմենիա
