2024 թվականին Հայաստանի ինքնաբավության մակարդակը ցորենի մասով փոքր-ինչ նվազել է 2022-2023 թվականների համեմատ։ Այս մասին են վկայում ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։2024 թվականին Հայաստանի ինքնաբավության մակարդակը ցորենի մասով փոքր-ինչ նվազել է 2022-2023 թվականների համեմատ։ Այս մասին են վկայում ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։
2024 թվականին (2025-ի տվյալները դեռ ամփոփված չեն) Հայաստանն ինքն իրեն ցորենով ապահովել է 22,8%-ով՝ հաշվի առնելով, որ արտադրել է 120 հազար տոննայից մի փոքր ավելի, իսկ ներկրել է մոտ 411 հազար տոննա։ Վերջին 5 տարիներին այս ցուցանիշը եղել է 23-24%-ի մակարդակում, իսկ 2023-ին այն աճել էր մինչև 27,9%։
Այս ցուցանիշները տատանվում են նաև բերքատվության պատճառով, որն ամեն տարի փոխվում է։ Բացի այդ, հանրապետությունում դեռևս չկա գյուղմթերքի ծավալների վերաբերյալ տվյալների հավաքագրման հստակ համակարգ, քանի որ դրա առուվաճառքի ճշգրիտ հաշվառում չի իրականացվում։
Կարտոֆիլի մասով ինքնաբավությունը կազմել է 106,2% (արտադրությունը՝ 338 հազար տոննա, արտահանումը՝ մոտ 36 հազար, իսկ ներկրումը՝ 16 հազար տոննա)։ Նախորդ տարիներին հանրապետությունը հիմնականում ամբողջությամբ ապահովում էր կարտոֆիլի սեփական սպառումը որոշակի ավելցուկով։
Ինչպես և նախորդ տարիներին, բանջարեղենի և մրգի մասով ինքնաբավությունն ընդհանուր առմամբ զգալիորեն գերազանցում է 100%-ը։ Սմբուկի, լոլիկի և պղպեղի մասով այն գերազանցում է 100%-ը, իսկ բանջարեղենի շատ այլ տեսակների մասով՝ 90%-ը։ Ընդ որում, էականորեն աճել է ջերմոցային լոլիկի ներկրման ծավալը (վերջին երկու տարում այն գերազանցում է 40 հազար տոննան, թեև նախորդ տարիներին եղել է 10-20 հազարի մակարդակում)։ Պետք է հաշվի առնել, որ երկար տարիներ ջերմոցային լոլիկի և վարունգի ներկրման զգալի մասը պարզապես չէր գրանցվում (նախկինում դրանք հիմնականում ներկրվում էին Թուրքիայից, հիմա՝ նաև Իրանից)։
Լոլիկի բերքը կազմել է մոտ 187 հազար տոննա (վերջին տարիներին այն տատանվում է 150-200 հազարի սահմաններում), դրա արտահանումը՝ 56,3 հազար տոննա (3-4 հազար տոննայով ավելի, քան նախորդ տարիներին)։ Ըստ վիճակագրության՝ վերջին տարիներին մի քանի հազար տոննայով աճել են պղպեղի և վարունգի բերքատվության ծավալները, ակնհայտորեն՝ վերջին տարիներին ակտիվորեն կառուցվող ջերմոցային տնտեսությունների հաշվին։ Սակայն լոլիկի մասով հաստատուն աճ դեռևս չկա։
Մրգերի մասով (բացառությամբ, բնականաբար, արևադարձայինների) ինքնաբավությունը Հայաստանում, ինչպես և նախկնում, հիմնականում գերազանցում է 100%-ը։ Մասնավորապես, ծիրանի մասով 2024 թվականին այն կազմել է մոտ 157%, այսինքն՝ հավաքվել է ավելի քան մեկուկես անգամ ավելի շատ բերք, քան սպառվել է երկրի ներսում (99 հազար տոննա՝ 62 հազարի դիմաց)։ Արտահանումը կազմել է մոտ 36 հազար տոննա։ Խաղողի մասով ինքնաբավությունը կազմել է 104% (արտադրությունը՝ 196 հազար տոննա, արտահանումը՝ 13 հազար, ներկրումը՝ 6 հազար)։
Շաքարավազի ինքնաբավությունը կազմել է 55% (54 հազար տոննա՝ տեղական արտադրություն, 49 հազար տոննա՝ ներկրում), սակայն տեղական արտադրության հումքը (հումք շաքարը) ամբողջությամբ ներկրվում է Բրազիլիայից։
Տավարի մսի մասով ինքնաբավությունը կազմել է 88% (վերջին տարիներին այն կազմում է մոտ 90%)։ Տեղական արտադրությունը կազմել է 60 հազար տոննա, ներկրումը՝ մոտ 8,5 հազար տոննա։ Թռչնամսի մասով ինքնաբավությունը կազմել է 26% (վերջին տարիներին՝ մոտ 25%)։ Տեղական արտադրությունը կազմել է մոտ 16 հազար տոննա, ներկրումը՝ 45 հազար տոննա։
Sputnik Արմենիա
