Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ներողություն է խնդրել երկրպագուներից՝ ընթացիկ որակավորման փուլում կրած պարտությունների համար, հայտնում է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիան։
Իր խոսքում Մելիքյանը նշել է, որ որակավորման այս փուլը չափազանց դժվար էր թիմի համար։ «Ցանկանում եմ ներողություն խնդրել մեր կրած պարտությունների համար։ Գիտեմ՝ երկրպագուների սպասելիքները մեծ էին, բայց չկարողացանք Ձեզ տալ այն ուրախությունը, որին արժանի էիք»,- ասել է Մելիքյանը։
Նա նշել է, որ թիմը մեծապես գնահատում է երկրպագուների աջակցությունը, ովքեր իրենց կողքին էին ողջ ընթացքում։ Մարզիչն ընդգծել է, որ երկրպագուների հավատարիմ աջակցությունը թիմին ուժ է տալիս և խոստացել է, որ թիմը կվերադառնա ավելի պատրաստված, ավելի ուժեղ և ավելի միասնական։ Նա վստահություն է հայտնել, որ թիմը կկարողանա վերականգնվել և առաջ շարժվել նոր ոգով։
2026 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի եվրոպական գոտու (F խումբ) վերջին՝ վեցերորդ տուրում Հայաստան-Պորտուգալիա խաղն ավարտվել էր Պորտուգալիայի հաղթանակով՝ 1:9 հաշվով։
Սեպտեմբերի 6-ին աշխարհի 2026թ․ առաջնության որակավորման փուլի մեկնարկային տուրում Հայաստանի հավաքականը Երևանում խոշոր՝ 0։5 հաշվով պարտվել էր Պորտուգալիայի ընտրանուն։ Սեպտեմբերի 9-ին որակավորման փուլի 2-րդ տուրի խաղում 2։1 հաշվով հաղթել էր Իռլանդիային։ Հոկտեմբերի 11-ին Հայաստանի հավաքականը 3-րդ տուրում 0։2 հաշվով պարտվել էր Հունգարիային, հոկտեմբերի 15-ին՝ զիջել Իռլանդիային։ Նոյեմբերի 13-ին Հայաստանի հավաքականը 0։1 հաշվով պարտվել էր Հունգարիային։
Armenia Today
