ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը:
Նրա խոսքով՝ Մոսկվայում ուշադրությամբ հետևում են Գյումրիում տիրող իրավիճակին: Այնտեղ է գտնվում ռուսական 102-րդ բազան, Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը, Ռոսսոտրուդնիչեստվոյի մասնաճյուղը։ Քաղաքային իշխանությունները ակտիվորեն զարգացնում են համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության, ՌԴ տարբեր տարածաշրջանների հետ. մասնավորապես հայտնի է «Պատվո բլուր» հուշահամալիրը՝ նվիրված ռուս-թուրքական պատերազմների ժամանակ զոհված ռուս սպաներին։
Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ օգոստոսին ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի կողմից Գյումրին ստացել է «1941-1945 թթ. աշխատանքային փառքի քաղաք» պատվավոր կոչումը:
«Մենք միշտ պաշտպանում ենք բոլոր նրանց, ովքեր հանդես են գալիս մեր ժողովուրդների միջև ավանդական սերտ կապերի օգտին։ Ինչ վերաբերում է քաղաքապետի ձերբակալությանը գնահատական տալուն, ապա, անշուշտ, դա Հայաստանի ներքին գործն է։ Միաժամանակ նշում ենք, որ ավելի վաղ Վանաձորի, Բերդի, Գորիսի և այլ համայնքների ղեկավարների նկատմամբ հարուցվել էին քրեական գործեր, մի քանիսին կալանավորել էին: Հույս ենք հայտնում, որ նման գործընթացները չեն հանգեցնի ժողովրդից դատական իշխանության հեռացմանը և այդ համակարգի նկատմամբ վստահության կորստին, ինչի մասին հենց Հայաստանի վարչապետն էր վերջերս խոսել հայկական ժողովրդավարության համաժողովում», – ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ այս բոլոր հարցերն արդիական են՝ հաշվի առնելով, որ Հայաստանը մտնում է նոր ընտրական փուլ. 2026 թվականի հունիսին նախատեսված են հերթական խորհրդարանական ընտրությունները։
Sputnik Արմենիա