Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներն այսօր իրականացրել են Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի ենթակառուցվածքի ընթացիկ վիճակի համատեղ զննում։ Այս մասին հայտնում է ՀՀ ՏԿԵՆ մամուլի ծառայությունը։
«Նշված զննման նպատակն էր գնահատել տվյալ երկաթուղային հատվածի տեխնիկական պիտանելիությունը հատուկ երկաթուղային շինարարական տեխնիկայի շարժի ապահովման համար՝ ենթակառուցվածքի վերականգնման համապատասխան համալիր միջոցառումներ իրականացնելու նպատակով»,–նշված է հաղորդագրության մեջ։
Զննումից հետո կողմերը մտքեր են փոխանակել տվյալ հատվածում երկաթուղային ենթակառուցվածքի տեխնիկական վիճակի գնահատման հարցերի շուրջ։
Այսօր ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց` ՀՀ կառավարությունն ակնկալում է, որ Ռուսաստանը սեղմ ժամկետում կարձագանքի երկաթուղու՝ դեպի Ադրբեջան և Թուրքիա մի քանի հատվածների շտապ վերականգնման հարցին։
Խոսքը Իջևանի, Երասխի և Ախուրիկի հատվածների մասին է, որոնք Հայաստանը կապում են Ադրբեջանի, Նախիջևանի և Թուրքիայի հետ։ Խորհրդային տարիներին կառուցված այս երկաթուղային գծերը 1980-ականների վերջից սկսած չեն շահագործվում։
Հիշեցնենք, որ 2025թ–ի դեկտեմբերի 18-ի ճեպազրույցի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ դիմել է Ռուսաստանին երկաթուղու՝ դեպի Ադրբեջան և Թուրքիա մի քանի հատվածների շտապ վերականգնման համար։
Դեկտեմբերի 22-ին Սանկտ Պետերբուրգում նա այդ թեման արծարծել է նաև Պուտինի հետ հանդիպման ժամանակ։ Դրանից օրեր անց լրագրողների հետ զրույցում նա նաև հայտարարեց, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է ռուսական կոնցեսիոն կառավարումից հետ վերցնել երկաթուղային հատվածները և իր միջոցներով վերանորոգել։
Sputnik Արմենիա
