Логотип

Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են 2026թ. համագործակցության ծրագիրը

Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունները ստորագրել են 2026թ. համագործակցության ծրագիրը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Հոկտեմբերի 23-ին Հնդկաստանի Հայդարաբադ քաղաքում տեղի են ունեցել ՀՀ-Հնդկաստան պաշտպանական խորհրդակցությունները՝ նախորդ տարի ձևավորված երկկողմ պաշտպանական համագործակցության հարցերով համատեղ աշխատանքային խմբի ձևաչափով։

Խորհրդակցությունները ղեկավարել են ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը և Հնդկաստանի ՊՆ միջազգային համագործակցության հարցերով միացյալ քարտուղար Վիշվեշ Նեգին։ Քննարկումներին մասնակցել է նաև Հնդկաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աֆյանը։

Հանդիպման ընթացքում կողմերն իրենց գոհունակությունն են հայտնել 2025 թվականի համագործակցության ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ և ընդգծել են հաջորդ տարվա ծրագրում մի շարք նոր ոլորտներ ընդգրկելու անհրաժեշտությունը։

Կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի վերաբերյալ։ Կողմերը միմյանց տեղեկացրել են երկու երկրների զինված ուժերում տեղի ունեցած վերջին զարգացումների մասին։

«Միջոցառման ավարտին ստորագրվել է ՀՀ ՊՆ և Հնդկաստանի ՊՆ միջև համագործակցության 2026 թվականի ծրագիրը, որն ընդգրկում է մի շարք միջոցառումներ բարձրաստիճան և փորձագիտական փոխայցելությունների, ռազմական կրթության, ռազմատեխնիկական, մարտական պատրաստության ու վարժանքների, փորձի փոխանակման և մի շարք այլ ոլորտներում»,– ասված է հաղորդագրությունում։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ նիստն անցկացնել Հայաստանի Հանրապետությունում։

Հիշեցնենք` Հայաստանն ու Հնդկաստանը վերջին տարիներին կնքել են ռազմատեխնիկական համաձայնագրեր, որոնց ընդհանուր արժեքը, ըստ որոշ տվյալների, կազմում է 1,5 մլրդ դոլար: Նյու Դելին այդ գործարքների շրջանակում Հայաստանին մատակարարում է հրետանային համալիրներ, ՀՕՊ համակարգեր, զինամթերք և ռազմական նշանակության այլ արտադրանք։

Sputnik Արմենիա