Հայաստանի ծանրամարտի կանանց թիմի անդամ Լիանա Գյուրջյանը դարձավ Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր` նվաճելով հավաքականի 5-րդ ոսկե մեդալն ընթացիկ առաջնությունում: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։
Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող Եվրոպայի երիտասարդների ու Մ23 տարեկանների առաջնություններում պայքարի մեջ մտան 86 կգ մինչև 23 տարեկան աղջիկները:
Հայաստանի ընտրանու անդամ Լիանա Գյուրջյանը պոկում վարժությունում ունեցավ երեք հաջող մոտեցում` 95 կգ, 100 կգ, 102 կգ: Գյուրջյանն այս վարժությունում դարձավ ոսկե մեդալակիր: Հրում վարժությունում մեր ծանրորդը բարձրացրեց 125 կգ, 130 կգ: Այստեղ ևս նա առաջինն էր:
Լիանա Գյուրջյանը երկամարտի 232 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության չեմպիոն։
Ավելի վաղ ոսկե մեդալներ էին նվաճել Ալեքսանդրա Գրիգորյանը, Գառնիկ Չոլակյանը, Տիգրան Կարապետյանը, Էմմա Պողոսյանը։
Sputnik Արմենիա
