Логотип

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԱՂՈԹՔԻ ՆԱԽԱՃԱՇԻ ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸ. ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՊԱՇԱՐՎԱԾ ԵԿԵՂԵՑԻ

Կրոնական թեմաներ լուսաբանող միջազգային «Religion Unplugged» պարբերականը ծավալուն անդրադարձ է կատարել նոյեմբերի կեսերին Երևանում անցկացված «Աղոթքի նախաճաշ» միջոցառմանը զուգահեռ ընթացող զարգացումներին՝ Փաշինյանի ընդդիմախոսների ձերբակալություններին, Հայ առաքելական եկեղեցու դեմ իրականացվող հարձակումներին։

Panorama.am-ը ներկայացնում է հոդվածից հատվածներ՝ հայերեն թարգմանությամբ։

«Մի քանի տասնյակ արտասահմանցի հյուրեր՝ հիմնականում Միացյալ Նահանգներից ավետարանչականներ հավաքվել էին հավատքի դրոշների ներքո, սեղանների շուրջ նստած քաղաքավարի զրուցում էին նոյեմբերի 15-ին Երևանում կայացած աղոթքի նախաճաշի ժամանակ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամբիոնի մոտ կանգնած շնորհակալություն հայտնեց Աստծուն՝ Հայաստանը դեպի խաղաղության տանելու համար՝ մեջբերելով Սաղմոսներ։ Ներկաները գլուխները տարուբերեցին ու ծափահարեցին։ Իսկ տեսախցիկներից այն կողմ ազգային եկեղեցու դերը հայոց կյանքում արժեզրկվում է։ Եվ դա տեսանելի էր դահլիճում։ Մասնակիցների և ելույթ ունեցողների թվում էին անգլիկաններ, կաթոլիկներ և բապտիստներ արևմտյան երկրներից։ Սակայն ազգային եկեղեցուց ոչ մի հայաստանաբնակ եպիսկոպոս ներկա չէր։ Ոչ ոք չհարցրեց, թե ինչու աշխարհի ամենահին եկեղեցիներից մեկը՝ չորրորդ դարի սկզբին հիմնադրված Հայ Առաքելական եկեղեցին, սեղանի շուրջ տեղ չուներ, կամ ինչու էին նրա արքեպիսկոպոսները ձերբակալված։ Լռությունն այնքան խիստ էր, որ թվում էր, թե դա ավելի շատ ծրագիր է, քան բացթողում։ Ավետարանչական առաջնորդները գովաբանեցին վարչապետին Աստվածաշնչի իր իմացության համար։ Կալիֆոռնիայից նախկին քահանա Ջիմ Գարլոուն զարմացավ՝ լսելով, թե ինչպես է առաջնորդը անգիր արտասանում մի ամբողջ Սաղմոս։ Սակայն ոչ ոք չհիշատակեց այժմ օկուպացված տարածքներում դեռևս կանգուն հին քարե վանքերը կամ բանտարկված հոգևորականներին։

Խնջույքի սրահից դուրս երկրի արդարադատության նախարարությունը մերժել էր Շվեյցարիայում գործող «Քրիստոնեական համերաշխության միջազգային» (Chrictian Solidarity International-ի` CSI) իրավապաշտպան խմբի խնդրանքը՝ այցելելու չորս բանտարկված հոգևորականների և եկեղեցու երկու տասնյակ կողմնակիցների։ Փոխարենը CSI խմբի ներկայացուցիչները հրավիրվել էին մասնակցելու աղոթքի նախաճաշին։

Աղոթքի նախաճաշից հետո Երևանում կայացած մամուլի ասուլիսում խմբի հանրային պաշտպանության տնօրեն Ջոել Վելդկամպը հայտարարեց, որ անազատության մեջ գտնվող արքեպիսկոպոսներին այցելելու մերժումը ստացվել է նախաճաշը սկսելուց ընդամենը մի քանի ժամ առաջ ուղարկված էլեկտրոնային նամակի տեսքով, որում նշվել են ընթացակարգերը և իրավասության բացակայությունը։ Նա ասել է, որ ցանկանում էին գնահատել կալանավորվածների ֆիզիկական և հոգեկան առողջությունը։

Նախաճաշի ավարտի օրը Panorama.am լրատվական կայքը հայտնեց, որ փոդքասթ վարող երկու հայ ընդդիմադիրներ կալանավորվել են։

«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանը ձերբակալվել են նոյեմբերի 10-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մասին արված մեկնաբանությունների համար։ Իշխանությունները նրանց մեղադրում են «խուլիգանության» մեջ՝ պնդելով, որ նրանք վիրավորանք և սպառնալիքներ են հնչեցրել։

Նրանց փաստաբանները մեղադրանքները որակում են անհիմն, որոնք պայմանավորված ենք քաղաքական դրդապատճառներով։ Սաղաթելյանի շահերը ներկայացնող Արսեն Բաբայանն ասել է, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն օգտագործում է այս գործը քննադատներին լռեցնելու համար։

Եկեղեցին թիրախավորված է

2025 թվականի մայիսին Շվեյցարիայի Բեռն քաղաքում կայացած Եկեղեցիների համաշխարհային խորհուրդի հավաքից հետո տարածվեց հայտարարություն, որը կոչ էր անում պաշտպանել Արցախում գտնվող հայկական եկեղեցիները և տեղահանված ընտանիքների վերադարձի իրավունքը։ Դրան հաջորդող կառավարության նիստում Փաշինյանը հայտարարեց, որ եկեղեցիները «վերածվել են աղբանոցների»։ Նրա կինը սոցիալական ցանցերում գրեց, որ հոգևորականները «երկրի գլխավոր մանկապիղծերն» են։

Մի քանի շաբաթվա ընթացքում ձերբակալվեցին երկու արքեպիսկոպոսներ՝ Բագրատ Գալստանյանը և Միքայել Աջապահյանը: Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի զեկույցի համաձայն՝ երկու գործերն էլ հիմնված են աղավաղված ձայնագրությունների և տարիների վաղեմություն ունեցող հրապարակային ելույթների վրա, որոնք վերաձևակերպվել էին որպես սպառնալիքներ։ Զեկույցում ասվում է, որ լարվածությունը սկսվել է 2024 թվականի հոկտեմբերի 12-ին ցուցարարների նկատմամբ ոստիկանության կողմից ձեռնարկված բռնությունից հետո: Եկեղեցու ղեկավարությունը հրապարակային հայտարարություն է տարածել՝ քննադատելով ուժի կիրառումը։ Արքեպիսկոպոս Գալստանյանը գաղտնալսվել է։ Զեկույցը ցույց է տալիս, որ Քննչական կոմիտեն ավելացրել է արտահայտություններ ձայնագրություններում, որոնք գոյություն չունեն բնօրինակ տարբերակում։

Կաթողիկոսի դեմ արշավ է ընթանում։ Կառավարության պաշտոնյաները հրապարակային ելույթների, սոցիալական ցանցերի գրառումների և մամուլի հայտարարությունների միջոցով կասկածի տակ են դնում նրա բարոյական հեղինակությունը և պահանջում նրա հրաժարականը։ Փաշինյանը նրան մեղադրել է իր հոգևորական ուխտը խախտելու և քաղաքական գործչի դերում հանդես գալու մեջ։ Իշխող կուսակցության ավագ անդամները հարցազրույցներում և կուսակցական ալիքներով կրկնում են այս պնդումները՝ կաթողիկոսին ներկայացնելով որպես բարեփոխումների խոչընդոտ և անցյալի խորհրդանիշ։

Ձերբակալվածների թվում է նաև գործարար և եկեղեցու մեկենաս Սամվել Կարապետյանը։ Նրա կատարած հանցագործությունը եկեղեցին առցանց պաշտպանելն է։ Հաղորդագրության համաձայն՝ նա ձերբակալվել է վարչապետի կողմից ֆեյսբուքում նրան սպառնալուց մի քանի ժամ անց։

…Կառավարությունը, կարծես, կայացրել է իր որոշումը։ Այն կձգտի խաղաղության՝ հրաժարվելով Արցախից, ցրելով դիմադրությունը և վարկաբեկելով ցանկացած հաստատություն, որն իր անունով կկոչի տեղի ունեցածը։ Այն կմեջբերի սուրբգրային հատվածներ, կկազմակերպի աղոթքի նախաճաշեր և կպատժի սգացողներին։

Իսկ սուգը դեռ տեսանելի է։ Երևանի եզրին բարձրանում է Եռաբլուր զինվորական պանթեոնը։ Լանջի երկայնքով կոկիկ շարքերով հարյուրովար շիրիմներ են։ Նրանց մեծ մասը Ադրբեջանի հետ պատերազմներում զոհվածներինն են։ Յուրաքանչյուր շիրիմին ամեն օր թարմ ծաղիկներ են դրվում։ Աղոթքի նախաճաշից հետո գիշերը մի երիտասարդ աղջիկ նստած էր 1990-ականների սկզբին զոհվածներից մեկի շիրիմի կողքին։ Նա երևի 20 տարեկան էլ չկար։ Գլուխը կախ էր։ Մեկ ժամ մնաց անշարժ։ Կարելի է հայացքը մի կողմ թեքել կամ ձևացնել, թե ոչինչ չենք տեսնում։ Բայց որոշ բաներ չեն կարող ծածկվել օտարերկրյա հյուրերի կամ հրապարակային ելույթների կողմից։ Հայ ժողովուրդը գիտի, թե ով է պաշտպանել դրանք։ Նրանք գիտեն, թե ինչ է նշանակում Արցախը։ Նրանք գիտեն, թե ով է լռել։ Եվ նրանք գիտեն, թե ով է դեռ բանտում։

Աղոթքի նախաճաշն ավարտվեց քաղաքավարի ծափահարություններով և խմբային լուսանկարներով։ Արտասահմանյան պատվիրակները նստեցին իրենց ինքնաթիռները։ Կառավարությունը հայտարարություններ արեց կրոնական համերաշխության մասին։ Քահանաները մնացին բանտում։ Գերեզմանները մնացին խնամված։ Եվ եկեղեցին մնաց կանգուն։ Զրկված ազդեցությունից, բայց դեռևս վկայություն տալով»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Panorama.am