Հայաստանն ու Ադրբեջանը պոտենցիալ ապրանքների ցանկեր են փոխանակում, թե ինչ վաճառելու և գնելու հարցում են հետաքրքրված։ Ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Քննարկումներ կան, ցանկերը դեռևս ուսումնասիրության պրոցեսում են»,–նշեց Փաշինյանը։
Անդրադառնալով արդեն ձեռք բերված պայմանավորվածծություններին` Փաշինյանը նշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանդիպման ժամանակ Ադրբեջանի փոխվարչապետն արտահայտել է Ադրբեջանի պատրաստակամությունը` վաճառելու նավթամթերք, որից հետո ՀՀ կառավարությունը տեղեկացրել է հայկական մի քանի ընկերությունների այդ հնարավորության մասին։
«ՀՀ կառավարությունը, նախնական ուսումնասիրելով դաշտը, առաջարկել է այն գործարարներին, որոնք, մեր գնահատմամբ, հակված չեն լինի դրանից քաղաքական ակցիա սարքել, ասել, օրինակ՝ «կառավարությունը մեզ ստիպում է, որ Ադրբեջանից բենզին գնենք, իսկ մենք չեն գնում և այլն», ասել ենք, որ կա նման հնարավորություն, և, եթե չեմ սխալվում, Հայաստանի կողմից 2 ընկերություն կապ են հաստատել»,- ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ բենզինի առաջին խմբաքանակի ներկրման ժամանակ բոյկոտի դրսևորում եղավ, որովհետև եղան ընկերություններ, որոնք հրաժարվեցին վաճառել այն։
Sputnik Արմենիա
