Логотип

ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ՉԻՆԱՍՏԱՆԸ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՏԱՐԱԾԵԼ. ԻՆՉ ԿԵՏԵՐ Է ՊԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԱՅՆ

Հայաստանի Հանրապետությունը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը համատեղ հայտարարություն են ընդունել, որով համաձայնության են եկել հաստատել ռազմավարական գործընկերություն՝ շարունակելով առաջնորդվել երկկողմ հարաբերությունների հիմնարար սկզբունքներով, որոնք բնորոշվում են հավասարությամբ, փոխադարձ հարգանքով և վստահությամբ, ինչպես նաև փոխշահավետ համագործակցությամբ։

Քաղաքական երկխոսություն

• Կողմերն առաջնորդվում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ փոխադարձ հարգանքի, ագրեսիայի բացառման, ներքին գործերին չմիջամտելու, հավասարության և փոխադարձ շահի, ինչպես նաև խաղաղ գոյակցության սկզբունքներով։

• Կողմերը հարգում են միմյանց ազգային առանձնահատկություններին համապատասխան ընտրված զարգացման ուղիները և երկկողմ հարաբերությունների մասով քաղաքականության հարցում անկախ որոշումների կայացումը։

• Կողմերը հանդես են գալիս որպես միմյանց համար վստահելի գործընկերներ, ձեռնպահ են մնում այնպիսի գործողություններից, որոնք վնասում են մյուս կողմի ինքնիշխանությանը, անվտանգությանը և զարգացման շահերին, կամ ցանկացած գործողությունից, որը խախտում է երկու երկրների միջև փոխադարձ վստահությունն ու ժողովուրդների միջև բարեկամությունը։

• Հայկական կողմը վերահաստատում է իր դիրքորոշումն ի աջակցություն «Մեկ Չինաստանի» սկզբունքի՝ ճանաչելով, որ աշխարհում գոյություն ունի միայն մեկ Չինաստան, և Թայվանը Չինաստանի տարածքի անբաժանելի մասն է, իսկ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունն ամբողջ Չինաստանը ներկայացնող միակ օրինական կառավարությունն է. վճռականորեն դեմ է «Թայվանի անկախության» ցանկացած ձևի և աջակցում է ազգային վերամիավորման ուղղությամբ Չինաստանի կողմից գործադրվող ջանքերին։

• Չինական կողմը վերահաստատում է իր ամուր աջակցությունը Հայաստանի Հանրապետության քաղաքական անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անխախտելիությանը։

• Չինաստանն աջակցում է հայկական կողմի կողմից առաջարկված խաղաղության օրակարգին և ողջունում է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը։

• Կողմերը համատեղ հանդես են գալիս այն քայլերի դեմ, որոնք ապակայունացնում են տարածաշրջանը և հրահրում նոր էսկալացիա։

• Կողմերը հայտնում են իրենց պատրաստակամությունը՝ ամրապնդելու բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, կանոնավոր կերպով անցկացնելու երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ, ինչպես նաև ընդլայնելու հաղորդակցությունը կենտրոնական և տեղական իշխանությունների, ինչպես նաև կուսակցությունների միջև՝ փորձի փոխանակման և համագործակցության ամրապնդման նպատակով։

• Կողմերն էապես կարևորում են երկու երկրների օրենսդիր մարմինների միջև հետագա համագործակցությունը և ընդգծում են խորհրդարանական դիվանագիտության նշանակությունը երկկողմ քաղաքական երկխոսության խթանման գործում։

• Կողմերը պատրաստակամ են ամրապնդել իրավական և դատական ոլորտներում համագործակցությունը և փոխանակումը ՝ հավասարության, փոխադարձ շահի և հարգանքի հիման վրա։

• Կողմերը հայտնում են իրենց պատրաստակամությունը՝ գործադրելու համատեղ ջանքեր՝ ահաբեկչության, սեպարատիզմի, ծայրահեղականության, կիբեռհանցագործությունների և այլ անդրազգային հանցագործությունների դեմ պայքարի ուղղությամբ։

• Կողմերը շարունակելու են ընդլայնել միջտարածաշրջանային համագործակցությունը։

• Կողմերը շարունակելու են հարստացնել քաղաքական և պայմանագրային-իրավական հիմքերը՝ տարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու նպատակով։

Տնտեսություն, առևտուր, ներդրումներ և զբոսաշրջություն

• Կողմերը հայտնում են իրենց պատրաստակամությունը՝ ջանքեր գործադրելու երկկողմ առևտրի հետագա աճի ուղղությամբ, այդ թվում՝ հայկական արտադրանքի արտահանման խթանման և դրանց՝ չինական շուկա մուտք գործելու, ինչպես նաև Հայաստանում չինական ընկերությունների ներդրումների ներգրավման նպատակով։

• Հայաստանը ողջունում է չինական ընկերությունների մասնակցությունը Հայաստանում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերին։

• Կողմերը հայտնում են իրենց պատրաստակամությունը՝ ամրապնդելու փոխանակումները և համագործակցությունը՝ առևտրի և ներդրումային ներուժի ընդլայնման նպատակով այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ենթակառուցվածքները, տեղեկատվական տեխնոլոգիաները, վերականգնվող էներգիայի աղբյուրները, գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը և այլն։

• Կողմերը հայտնում են իրենց պատրաստակամությունը՝ առավել մեծացնելու փոխադարձ ներդրումներն այնպիսի ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու նպատակով, ինչպիսիք են արդյունաբերությունը, տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաները, գյուղատնտեսությունը, էներգետիկան և այլն, խթանելու բարձրորակ համագործակցությունը։

• Կողմերը հայտնում են իրենց պատրաստակամությունը՝ քննարկելու առևտրատնտեսական ոլորտին վերաբերող պայմանագրային-իրավական դաշտի կատարելագործումը և ակտիվորեն ուսումնասիրում են առևտրի և ներդրումների ընթացակարգերի ազատականացման և դյուրացման համար ինստիտուցիոնալ մեխանիզմ ստեղծելու հնարավորությունը։

• Կողմերը վերահաստատում են իրենց վճռական դիրքորոշումը՝ պաշտպանելու բազմակողմ առևտրային համակարգը, որի հիմքում ԱՀԿ-ն է, և աջակցում են Զարգացման համար ներդրումների դյուրացման (IFD) համաձայնագրի ներառմանը ԱՀԿ-ի իրավական կառուցվածքի մեջ։

• Կողմերը հայտնում են իրենց պատրաստակամությունը՝ խորացնելու զարգացման մասով համագործակցությունը և մշակելու հնարավորություններ Հայաստանում ավելի մեծ թվով փոքր և գեղեցիկ սոցիալական ծրագրերի իրականացման համար։

• Կողմերը հայտնում են իրենց պատրաստակամությունը՝ ամրապնդելու համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում։

• Կողմերը բարձր են գնահատում երկու երկրների միջև հաստատված առանց վիզայի ռեժիմը, որը նշանակալիորեն խթանում է զբոսաշրջությունը, ամրապնդում է ժողովուրդների միջև շփումները և ընդլայնում տնտեսական, սոցիալական ու մշակույթային կապերը։

• Կողմերը համաձայնում են, որ երկու երկրների միջև ուղիղ չվերթերի գործարկումը լրացուցիչ խթան է ծառայում զբոսաշրջության ոլորտում համագործակցության համար։ Չինաստանը ողջունում է Հայաստանի մասնակցությունը Չինաստանի զբոսաշրջության ամենամյա միջազգային ցուցահանդեսին (CITM) և այլ զբոսաշրջային ցուցահանդեսների։

Ոլորտային համագործակցություն

• Կողմերը հայտնում են իրենց հետաքրքրվածությունը՝ խթանելու փոխշահավետ համագործակցությունը գիտության և տեխնոլոգիաների, կրթության և լեզվի ուսուցման մասով փոխանակումների ոլորտներում։

• Կողմերը կքննարկեն համագործակցության ամրապնդումն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են թվային կրթությունը և մասնագիտական կրթությունը։

• Կողմերն ակտիվորեն աջակցում են միմյանց դասական ստեղծագործությունների թարգմանության ու հրատարակման գործընթացին։

• Կողմերը հայտնում են իրենց պատրաստակամությունը՝ ակտիվորեն նպաստելու գիտահետազոտական ինստիտուտների միջև փոխանակումներին, ամրապնդելու փոխշահավետ համագործակցություն գիտության և տեխնոլոգիաների ոլորտում, խթանելու գիտատեխնիկական ձեռքբերումների կիրառումը և նոր առաջընթաց ապահովելու իրենց գիտատեխնոլոգիական համագործակցության հարցում։

• Կողմերն հայտնում են իրենց պատրաստակամությունը՝ խթանելու ինկուբացիոն կենտրոնների, գիտության և տեխնոլոգիաների պարկերի, նորարարական կենտրոնների և համատեղ հետազոտական կենտրոնների ստեղծումը՝ որպես համագործակցության հնարավոր հարթակ դիտարկելով Հայաստանի «Ինժեներական քաղաք» և «Ակադեմիական քաղաք» նախագծերը։

• Կողմերը համաձայնում են ընդլայնել համագործակցությունը մշակույթի ոլորտում, ձեռնարկել ակտիվ ջանքեր՝ փոխադարձության հիմունքներով կազմակերպելու Մշակույթի օրեր և այլ միջոցառումներ։

• Կողմերը հայտնում են իրենց պատրաստակամությունը՝ համագործակցելու մշակույթային արժեքների պահպանման և մշակույթային ժառանգության պաշտպանության հարցերում, ինչպես նաև խորացնելու համագործակցությունը Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի շրջանակներում։

• Կողմերը հայտնում են իրենց պատրաստակամությունը՝ խորացնելու համագործակցությունն առողջապահության, զբաղվածության, սոցիալական ապահովության, սպորտի և երիտասարդության ոլորտներում և ամրապնդելու փոխանակումները կինոյի, մեդիայի և փորձագիտական կենտրոնների ոլորտներում։

• Կողմերն աջակցում են անձնակազմի փոխանակումների հետագա դյուրացմանը։

• Կողմերը հայտնում են հետաքրքրվածություն՝ փորձի փոխանակման հարցում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կիբեռանվտանգությունն ու հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարը։

Գլոբալ և միջազգային համագործակցություն

• Կողմերը հավատարիմ են մնում ՄԱԿ-ի վրա հիմնված միջազգային համակարգի, միջազգային իրավունքի վրա հիմնված իրավակարգի և ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներից ու սկզբունքներից բխող հարաբերությունների հիմնական նորմերի պաշտպանությանը։

• Կողմերը պատրաստակամ են շարունակելու ամրապնդել համագործակցությունը ՄԱԿ-ի շրջանակներում, աջակցել միմյանց՝ միջազգային և տարածաշրջանային հարցերում ավելի մեծ դերակատարություն ունենալու գործում, համատեղել ուժերը՝ նպաստելու հավասարության և կարգուկանոնի վրա հիմնված բազմաբևեռ աշխարհի ձևավորմանը և փոխշահավետ ու ներառական տնտեսական գլոբալացմանը, ինչպես նաև համատեղ խթանել նոր տիպի նորատիպ միջազգային հարաբերությունների և ընդհանուր ապագա ունեցող մարդկության համայնքի կառուցումը։

• Կողմերը պատրաստակամ են խթանել արդյունավետ միջազգային համագործակցություն՝ զարգացման իրավունքն իրագործելու և զարգացումը խոչընդոտող արգելքները վերացնելու նպատակով։

• Հայկական կողմը ողջունում է չինական կողմի կողմից առաջ քաշված Գլոբալ զարգացման նախաձեռնությունը, Գլոբալ անվտանգության նախաձեռնությունը և Գլոբալ քաղաքակրթության նախաձեռնությունը, մասնավորապես այնպիսի հայեցակետեր, ինչպիսիք են բոլոր երկրների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը, ՄԱԿ-ի Կանոնադրության նպատակների և սկզբունքների պաշտպանությունը և երկխոսության միջոցով բոլոր վեճերի խաղաղ կարգավորումը։

• Կողմերը հայտնում են իրենց պատրաստակամությունը՝ արագացնելու ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2030 օրակարգի» իրականացումը, համատեղ պաշտպանելու միջազգային և տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը և խթանելու քաղաքակրթությունների միջև փոխանակումները և փոխադարձ ուսուցումը։

• Կողմերը կխորացնեն քաղաքականության համակարգումը, ինչպես նաև կխթանեն զարգացման ծրագրերի միջև սիներգիան «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության (ԳՃՆ) շրջանակներում և իրենց համագործակցությունը ԳՃՆ-ի շրջանակներում կբարձրացնեն նոր՝ բարձր որակի զարգացման մակարդակի՝ ի շահ երկու երկրների և դրանց ժողովուրդների։

• Հայաստանը պատրաստ է Չինաստանի հետ համագործակցել՝ ակտիվորեն խթանելու ԳՃՆ-ի և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակներում համագործակցության համապատասխան նախագծերի իրականացումը։

• Չինական կողմը ողջունում է հայկական կողմի ցանկությունը՝ ամրապնդելու համագործակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) հետ և աջակցում է հայկական կողմին ՇՀԿ-ում իր իրավական կարգավիճակի բարելավման հարցում։

• Հայկական կողմը սատարում է ՇՀԿ-ի հիմնարար սկզբունքները, ինչպիսիք են ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության նկատմամբ փոխադարձ հարգանքը, պետական սահմանները չխախտելը, ագրեսիայի փոխադարձ բացառումը, ներքին գործերին չմիջամտելը, ինչպես նաև միջազգային հարաբերություններում ուժ կամ դրա սպառնալիք չկիրառելը։

• Չինական կողմը ողջունում է Հայաստանի անդամակցությունը Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին (ԵՆԱԲ) և պատրաստ է խորացնել համագործակցությունը հայկական կողմի հետ ԵՆԱԲ-ի շրջանակներում և համատեղ աջակցել ԵՆԱԲ-ին՝ ավելի լավ ծառայելու իր զարգացող անդամների ենթակառուցվածքների շինարարության և կայուն զարգացման պահանջներին։

Ավելի վաղ հայտնել ենք, օգոստոսի 30–ից սեպտեմբերի 3–ը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, աշխատանքային այցով կգտնվի Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում։ Այցի շրջանակում վարչապետը կմասնակցի ՇՀԿ գագաթնաժողովի «ՇՀԿ+» ձևաչափի հանդիպմանը և դրա շրջանակում կայանալիք միջոցառումներին:

Այսօր հայտնի դարձավ, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հանդիպմանը հայտարարվել է Պեկինի և Երևանի միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին։

Sputnik Արմենիա