Հայաստանում առաջին մասնավոր գերհամակարգիչը (տվյալների կենտրոն) կսկսի գործել սույն թվականի ապրիլի 1-ից։ Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Eleveight AI ընկերության` բիզնեսի զարգացման գծով տնօրեն Դավիթ Առաքելյանը, տվյալների կենտրոնը տեղակայված է Սևան համայնքի Գագարին բնակավայրում, շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին։ Ամերիկյան Dell ընկերությունը նախորդ տարի հավաքել և հաջողությամբ փորձարկել է տվյալների կենտրոնի համար նախատեսված գրաֆիկական պրոցեսորների (GPU) համախումբը և առաջիկա շաբաթներին այն կապամոնտաժի` Հայաստան տեղափոխելու և վերջնականապես հավաքելու համար։ Առաքելյանը նշում է` Eleveight AI ընկերությունը, որը նախագծի ներդրողն է, ստեղծվել է հայկական կապիտալով։
Տվյալների կենտրոնը հագեցած է Nvidia-ի նորագույն` Blackwell B300 մոդելի 512 գրաֆիկական պրոցեսորներով (GPU)։ Դրանք շուկա էին դուրս եկել նախորդ տարվա սեպտեմբերին, երբ Eleveight AI-ի նախագիծն արդեն իսկ մոտենում էր ավարտական փուլին, սակայն որոշվեց մի քանի ամսով հետաձգել այն` նոր տեխնիկայով կահավորելու համար։
Խոսելով տվյալների կենտրոնի հոսանքի և ջրի սպառման մասին` Առաքելյանը նշեց, որ ողջ համալիրի գումարային հզորությունը կազմում է մինչև 2 մեգավատտ, մինչդեռ ընկերության տարածքում շահագործվում է մինչև 5 մեգավատտ հզորությամբ արևային կայան։ Հովացման համակարգը կլինի օդային և ջուր չի սպառելու։ Այս իմաստով բարենպաստ է Սևանի տարածաշրջանի կլիման (անգամ ամռան ամիսներին այստեղ ջերմաստիճանը հազվադեպ է գերազանցում 15 աստիճանը)։
Ինչ վերաբերում է պահանջարկին, ապա, ըստ ընկերության գնահատականի, հայկական պատվերները կարող են սպառել կենտրոնի հզորությունների մինչև 20%-ը, մնացածը կառաջարկվի արտերկրի ընկերություններին, որոնցից շատերի հետ (Եվրոպայում, ԱՄՆ–ում, Ճապոնիայում) արդեն իսկ առկա են նախնական պայմանավորվածություններ։
«Ասեմ, որ Հայաստանի համար նախատեսվող 20%-ն էլ պայմանական թիվ է. անընդհատ ծանոթանում ենք նոր ու հետաքրքիր նախագծերի», – ասում է Առաքելյանը։
Կենտրոնը տարածք է ձեռք բերել այնպիսի հաշվարկով, որ պահանջարկի ավելացման դեպքում կարողանա մի քանի անգամ ավելացնել հզորությունները։ Նա նշում է, որ աշխարհում այս պահին պահանջարկն այդքան մեծ է, որ նման կենտրոնները դեռ խնդիր չունեն պայքարելու հաճախորդների համար։
Հաշվողական հզորությունների տրամադրման մասին քննարկումներ են ընթանում նաև Հայաստանի պետական մարմինների հետ։ Մասնավորապես, ԲՏԱ նախարարությանը նախատեսվում է հզորություններ առաջարկել «ԱԲ վիրտուալ ինստիտուտ» նախագծի համար (որն իրենից ներկայացնում է ոլորտային համագործակցության հարթակ)։ Այժմ այդ նախագիծն օգտվում է ֆրանսիական Mistral և ամերյան Amazon Web Services ընկերությունների գերհամակարգիչներից։
«Գիտության ոլորտում մենք պատրաստ ենք աջակցել ԱԲ բաղադրիչ ունեցող հետազոտություններին։ Օրինակ` հայերենը դեռևս չունի «մեծ լեզվական մոդել» (LLM, այսինքն` տվյալ լեզվով տեքստեր գեներացնող համակարգ)։ Այս և նմանատիպ նախածգերի շուրջ պատրաստ ենք համագործակցել հետազոտող թիմերի և պետության հետ (այդ թվում` ոչ միայն կոմերցիոն հիմքով)` կատարելով ներդրում մեր երկրի ԱԲ հանրային ենթակառուցվածքում», – ասում է Առաքելյանը։
«Մեծ տվյալների» մշակման գործիքներ են ցանկանում կիրառել նաև Հայաստանի ֆինանսկան կառույցները` անհատական, կոնկրետ հաճախորդի կարիքներից բխող ֆինանսական պրոդուկտներ մշակելու համար։ Դրա համար անհրաժեշտ է վերլուծել հազարավոր հաճախորդների գործարքների և զանգերի կենտրոններում հարցումների պատմությունը։
Զանգերի կենտրոնները ևս կարող են մասամբ ավտոմատացվել` պիկ ժամերին պատասխանելով զանգերի մի մասին կամ օպերատորների համար գեներացնելով տվյալներ հաճախորդի` հնարավոր հարցերի մասին։ Մեկ այլ զարգացող ուղղություն է հաճախորդների տրամադրությունների վերլուծությունը (sentiment analysis)` հիմնված հաճախորդի բառապաշարի ու ինտոնացիաների վրա։
Արամ ԳԱՐԵԳԻՆՅԱՆ, Sputnik Արմենիա
