Ադրբեջանական գերությունից ազատված 4 անձանցից մեկը` Վագիֆ Խաչատրյանը, սպասում է հարազատների հետ հանդիպմանը, այս պահին հետազոտվում է։ Խաչատրյանին տեսակցելուց հետո այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` պատասխանելով լրագրողների հարցերին։
«Ասաց` Հայաստանում եմ, ուրեմն արդեն լավ եմ,– նշեց նախարարը և հավելեց,– նրա մոտ սրտի քրոնիկ հիվանդություն կար, հիմա հավելյալ հետազոտություններ կիրականացվեն, և բուժման ընթացքի հետ կապված որոշում կկայացվի»։
Լրագրողները հետաքրքրվեցին` նրան վիրահատե՞լ են։ Ավանեսյանն այս հարցին չպատասխանեց՝ նշելով, որ առողջական վիճակի մասին ամբողջական բժշկական տեղեկատվությունը չեն կարող հրապարակել։
«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Ադամյանն էլ հիշեցրեց, որ Վագիֆ Խաչատրյանը վերջին 15 տարում սրտի հետ կապված խնդիրներ ունի։
«Շատ մանրամասներ ասել չենք կարող, բայց այս պահին ունենք տվյալ վիճակի թեթև սրացում»,– հայտնեց Ադամյանը։
Նշենք, որ Ադրբեջանից վերադարձած մյուս 3 գերիները տեղափոխվել են «Մուրացան» զինվորական հոսպիտալ։
Sputnik Արմենիա
